Դավթաշենը հյուրընկալել էր արցախցի 30 երեխայի
SocietyԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Արցախից` Ստեփանակերտից և Մարտակերտից, Դավթաշեն էին ժամանել 30 երեխա։

Նրանք Դավթաշենում մի քանի օր հյուրընկալվելու ընթացքում հասցրել են մասնակցել մի շարք էքսկուրսիաների ու տարբեր հետաքրքիր ծրագրերի։ Հունիսի 1-ին նրանք եղան Մանկական զբոսայգում, Կենդանաբանական այգում, այնուհետև մասնակցեցին Դավթաշեն վարչական շրջանում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Երեխաներն այս ընթացքում այցելել են նաև Տիկնիկային թատրոն և Երևանի պատմության թանգարան: Արցախցի փոքրիկները Երևանից հեռացան ոչ միայն լավ տպավորություններով, նոր ծանոթություններով, այլև Ռ. Բաղդասարյանի կողմից ստացած նվերներով:

Հուսանք, որ նոր ստեղծված բարեկամական այս այցը շարունակական կլինի, և հաջորդ անգամ արդեն արցախցի փոքրիկներն իրենց տաք օջախներում կհյուրընկալեն նաև մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի իրենց հասակակիցներին: Եվ այս անգամ արդեն դավիթաշենցիները հնարավորություն կունենան ծանոթանալու Արցախ աշխարհի գեղատեսիլ բնության ու այլ զարմանահրաշ զբոսավայրերի հետ:
Ա.Գ.