Մահացած փոքրիկին գրկած բուժքրոջ լուսանկարը՝ համացանցի հիթ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Շատերին թվում է՝ բուժքույրերի աշխատանքը բավականին հեշտ է եւ նրանց գործում սթրեսային եւ դժվար իրավիճակներ չեն լինում։ Բայց իրականում այդպես չէ։ Օգնության կարիք ունեցող մարդկանց հետ աշխատելն այնքան էլ հեշտ չէ եւ ցանկացած բուժքույր հասկանում է, որ բժշկից բացի հիվանդի վիճակի համար ինքն էլ է պատասխանատու։
Վերջերս ամբողջ համացանցը «սթափեցրեց» ԱՄՆ-ի Օհայո նահանգի բժշկական կենտրոններից մեկում աշխատող բուժքույր Բրիթանի Դենիսը, որը հուզիչ լուսանկար եւ գրառում է հրապարակել Facebook-յան էջում։ Լուսանկարում Դենիսը գրկել է րոպեներ առաջ մահացած մի փոքրիկ երեխայի.

«Շատերը գիտեն, որ ես բուժքույր եմ՝ նորածնային վերակենդանացման ծառայության բուժքույր։ Մարդիկ կարծում են, որ ես պարզապես քնեցնում ու կերակրում եմ երեխաներին։ Բայց իմ աշխատանքն ավելին է։ Ես խնամում եմ երեխաներին, որոնք չեն կարող ապրել առանց նորագույն բժշկական սարքերի եւ դեղորայքի։ Ես նրանց մասին հոգ եմ տանում, ներերակային սրսկումներ անում, ծնողներին սովորեցնում, թե ինչպես է պետք փոխել թույլ եւ տկար երեխայի տակդիրը։ Ես երեխաներին դնում եմ իրենց մայրիկների կրծքին, ինչը շատ դժվար է, քանի որ հաճախ երեխաներին խողովակներ են միացված լինում։ Ես հրաշքներ եմ տեսնում, թե ինչպես են փոքրիկները սկսում նորմալ կյանքով ապրել։ Իսկ երբեմն ոչ։
Ես վերակենդանացնում եմ երեխաներին, երբ նրանց սիրտը կանգ է առնում։ Ես այդ փոքրիկ արարածներին տալիս եմ նրանց ծնողներին, երբ նրանց կյանքի վերջին շունչն է փչում, քանզի գիտությունն ու բժշկությունը այլեւս անզոր են։ Ես նրանց դեղորայք եմ տալիս, որ ամոքեմ կյանքի վերջին րոպեները։ Այս լուսանկարն արվել է այն պահին, երբ նա հեռացավ մեզնից։ Այդ րոպեներին նրա հետ լինելը օրհնություն էր»,-իր աշխատանքի մասին գրառում է արել Բրիթանին եւ հուզել հազարավոր օգտատերերի։