Արծվիկ Մինասյանը պարզաբանել է իրեն վերագրվող աղմկահարույց հայտարարությունները
EconomicsՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում իր արտահայտած մտքերի առնչությամբ, որոնք ըստ նախարարի, սխալ են ընկալվել ու մեկնաբանվել:
Նախարարին զարմացնում է հանգամանքը, որ թյուրըմբռնման մեջ ներգրավվել են նաև իր կողմից հարգելի տնտեսագետներ, ում նա վստահեցնում է, որ իր համոզմունքները չի փոխել ու չի փոխելու:
«Ես այստեղ նշանակված եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջադրմամբ և այն հայացքները, որ առաջ է տարել քաղաքական ուժը, ես պետք է առաջ տանեմ», - ասաց Արծվիկ Մինասյանը: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին նա հորդորեց իր խոսքերը ներկայացնել այնպես, ինչպես ինքն է ասում` առանց ենթադրություններ կատարելու:
«Մի կտրեք իմ խոսքը կոնտեքստից, մի հանեք, մի փոխեք: Ինչ կա, ես պատրատ եմ պարզ, բաց տեքստով ասել»,- հավելեց նախարարը:
Անդրադառնալով Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի հաշվետվության քննարկումից հետո լրագրողների հետ իր կարճ զրույցին, Արծվիկ Մինասյանը նկատեց, որ այդ ժամանակ, խոսելով մենաշնորհի վերաբերյալ, օրինակ է բերել շաքարավազի ապրանքային շուկան, որը, սակայն, աղավաղված տեսքով է ներկայացվել:
«Ես ասել եմ հետևյալը ու մտածել եմ այդպես, որ շաքարավազի գործարանը Հայաստանում միակն է, երկրորդ գործարան չկա այս պահին, սակայն գործող օրենքի շրջանակում այս գործարանը իր գործունեությամբ օրենքով չի համարվում մենաշնորհ:
Այսինքն` այն փաստացի միակն է ու չի համարվ ում մենաշնորհ: Եվ ասել եմ հետևյալը, որպեսզի իրականությունն ու օրենքն իրար համապատասխանեն, անհրաժեշտ է մենաշնորհի կարգավիճակ ստանա, բայց ոչ թե արտոնությունների համար, այլև հավելյալ պարտավորություններ դնելու համար: Քանի որ եթե մենաշնորհ ճանաչված չէ, դրա նկատմամբ չես կարող կիրառել հակամենաշնորհային գործիքներ: Ես չեմ ասել, որ այն պետք է մենաշնորհ ճանաչել ու արտոնություններ տրամադրել: Ոչ, քանի որ մենաշնորհի կարգավիճակը բերում է հավելյալ պատասխանատվության»,- նշեց Մինասյանը` վստահեցնելով, որ ամենևին խնդիր չի ունեցել հատկապես նշյալ ապրանքային շուկայի մասին խոսելու:
«Oրինակը բերելով հանդերձ, ցույց եմ տվել, թե միջազգային փորձն ինչպես է այդ հարցը կարգավորել:
Ենթադրություններ անել, որ բնական մենաշնորհ ենք ուզում տալ, կառավարությունում նման հարցեր են քննարկվում, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են»,- հավելեց էկոնոմիկայի նախարարը:
Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դրա մասին ինքը չի խոսել: «Ես ասել եմ, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկ ինքնաթիռի սպասարկման հաշվով ծախսերը շահեկանորեն տարբերվում են Թբիլիսիի ու Բաքվի օդանավակայաններից, ամենևին խոսք չի եղել ավիատոմսերի մասին: Այդպիսի պնդում մենք չենք կարող կատարել, քանի որ ավիատոմսերի վաճառքով ու մոնիտորինգով նախարարությունը չի զբաղվում, այդ լիազորությունը չունի»,- ասաց նա: