Կառավարությունը կպայքարի շուկաներում կենտրոնացվածության բարձր աստիճանը նվազեցնելու ուղղությամբ
EconomicsՀՀ կառավարությունում կարծում են, որ պետք է պայքար տանել մի շարք ապրանքների շուկաներում կենտրոնացվածության բարձր աստիճանը նվազեցնելու, տնտեսվարողներին հավասար հնարավորություններ տրամադրելու և վստահություն ներշնչելու ուղղությամբ:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ տնտեսվարողներին հնարավորություն տրվի լիարժեք մասնակցելու և ունենալու հավասար պայմաններ: Շատ հաճախ կան կենտրոնացվածության բարձր աստիճաններ, շատ հաճախ դրանք չկան, կա պատկերացում, որ դրանք կան: Պետք չէ դրանց բոլորի հետևից առանձին-առանձին գնալ: Պետք է միասնական, համապարփակ մոտեցումներ որդեգրել»,- ասաց փոխվարչապետը` անդրադառնալով հունիսի 2-ի կառավարության նիստում մենաշնորհների վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությանը:
«Վարչապետը խոսքում շեշտեց, որ բոլոր շուկաներու մ կա կենտրոնացվածության բարձր աստիճան, իսկ երբ դա առկա է, գոյություն ունեն որոշակի դրսևորումներ, որոնք ցանկալի չեն, ինչպես օրինակ, փոքրերի դուրս մղումը շուկայից: Քանի որ շուկաներն ու մոտեցումները բազմազան են, վարչապետը շեշտադրեց ընդհանրական մոտեցումներով հարցերին լուծում տալը»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Մասնավորապես, ըստ Գաբրիելյանի, դա նշանակում է, որ բոլոր այն շուկաներում, ուր կան հանրային կարևորության սոցիալական ապրանքների առևտուր ու հասարակական մտայնություններ, բոլորն անցկացվեն առավել թափանցիկ ռեժիմների, ինչպես նաև վերահսկո ղություն իրականացվի բոլոր փուլերի նկատմամբ` ներմուծման, մեծածախ ու մանրածախ առևտրի տարաջատման:
Պաշտոնյան վստահեցրեց նաև, որ որևէ քննարկում չի եղել ինչ-որ մեկին օրենքով մենաշնորհ տրամադրելու վերաբերյալ:
«Կարծում եմ` խոսքը վերաբերում է ախտորոշում իրականացնելուն, ավելի կոշտ պայմաններ առաջադրելուն ու այդ դեպքում նրանց նկատմամբ ինչ-որ կարգավորումներ կիրառելուն, բայց ոչ թե օրինական կերպով մենաշնորհ ճանաչելուն»,-նշեց նախարարը: