Հայաստանում ահաբեկչության վտանգը նվազագույնն է. «Ամերիկայի ձայն»
Society«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող Իրաքի եւ Սիրիայի տարածքները նախորդ տարվա ընթացքում նվազել են, սակայն՝ խմբավորման ահաբեկիչներին հաջողվել է ահաբեկչական հարձակումներ կազմակերպել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի տարածքներում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ահաբեկչության դեմ պայքարի մասին զեկույցի համաձայն, դուրս մղվելով Սիրիայի եւ Իրաքի որոշ շրջաններից, ահաբեկիչներին հաջողվել է նոր կողմնակիցներ գրավել այլ շրջաններում:
«Մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ, թե երիտասարդներին ինչն է տանում դեպի ծայրահեղականություն եւ ստիպում նրանց միանալ ահաբեկիչներին», - նշում է ԱՄՆ Պետքարտուղարության՝ ահաբեկչության դեմ պայքարը համակարգող Ջասթին Սիբերելը:
Չնայած զեկույցում նշված են մոտ 60 ահաբեկչական կազմակերպություններ, Միացյալ Նահանգների համար հիմնական վտանգ է ներկայացնում «Իսլամական պետությունը»:
Հայաստանը, Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի եւ Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել, որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին եւ արտաքին ահաբեկչության խնդիր: