Անթիլիասում տեղի է ունեցել Քահանայական օծում եւ Աբեղայական օրհնություն
SocietyԳաբրիել սարկավագը՝ Տ. Լեւոն քահանա եւ Հովհաննես սարկավագը Տ. Օշին քահանա են վերանվանվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության կուսակրոն քահանա ձեռնադրվելով եւ իրենց կյանքը ընծայաբերելով հայ ժողովրդի հոգեւոր, եկեղեցական ու ազգային ծառայությանը։
Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, հունիսի 4-ին Երեկոյան ժամերգութեան ավարտին, Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի է ունեցել Կոչման արարողութիւնը: Խարտավիլակին՝ Դպրեվանքի փոխտեսուչ Հոգշ. Տ. Պողոս վարդապետ Թինքճյանի առաջնորդությամբ ընծայալները Մայր Տաճարի մուտքից ծնկաչոք ուղղվել են դաս, ուր Ձեռնադրիչը՝ Կանադայի Հայոց առաջնորդ Գերշ. Տ. Բաբկեն արք. Չարյանը, կատարել է նրանց հավատքի խոստովանությունը: Ընծայալները նախ նզովել են բոլոր հերետիկոսներին եւ եկեղու ճշմարիտ դադանանքին խորթ վարդապետությունները եւ ապա, հաստատել Հայ եկեղեցու ուղղափառ դավանանքին ու սրբազան հայրապետների հաստատած կանոններին իրենց հավատարմութիւնը: Կոչման արարողության ավարտին, ընծայալները ծունկի եկած Սուրբ Խորանին դիմաց, Վեհափառ Հայրապետի, միաբան հայրերի, Ձեռնադրիչ Սրբազանի եւ ժողովուրդի առջեւ հրապարակավ ընթերցել են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության Ս. Աթոռին զինվորագրվելու իրենց ուխտագիրները:
Ձեռնադրությունը շարունակվել է հունիսի 5-ին։ Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարում Ս. եւ Անմահ Պատարագը եւ եկեղեցական արարողությունը հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: Նախքան «Հաւատոյ Հանգանակ»-ի արտասանությունը, ընծայալները Խարտավիլակ Հայր Սրբի առաջնորդությամբ ծնկաչոք բարձրացել են Սուրբ խորան, ուր աստվածաշնչական ընթերցումների, հոգեթով աղոթքների եւ Ձեռնադրիչ Սրբազանի կողմից կարդացված խրատականների ճամփով մեկ անգամ եւս հրավիրվել են գիտակցելու Քրիստոսի «քաղցր լուծը» կրելու խորհուրդին:
Օծման խորհրդավոր պահուն Ձեռնդարիչ Սրբազանը Սուրբ Հոգին խորհրդանշող սրբալոյս մյուռոնով օծել է ընծայալների ճակատը եւ աջ ու ձախ ձեռքերը, Գաբրիել սարկավագին վերանուանելով Տ. Լեւոն քահանայ եւ Հովհաննես սարկավագին՝ Տ. Օշին Քահանայ։
Պատարագի ավարտին տեղի է ունեցել կատարյալ հնազանդության, կամավոր աղքատության եւ կրոնական ողջախոհության ուխտերի խորհրդանիշը հանդիսացող վեղարի օրհնությունը:
Եկեղեցական արարողության ավարտին նորընծաները թափորով բարձրացել են Վեհարանի դահլիճ, ուր ստացել են Հայրապետական օրհնություն։ Ապա մայր տաճարում ներկա հավատացյալները մոտեցել են նորընծաներին՝ աջահամբույրով ստանալու նրանց առաջին օրհնությունը։