Հրանուշ Հակոբյանը նկարիչ էդիկ Վարդանյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով
SocietyՀայաստանի նկարիչների միությունում բացվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանի և նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով հանդես եկավ բացման խոսքով, նշեց, որ Էդուարդ Վարդանյանի ստեղծագործությունները մշտապես աչքի են ընկել իրենց ինքնատիպությամբ և ուրույն ձեռագրով:



«Երկար տարիներ Վարդանյանը նվիրել է գեղարվեստի ակադեմիային՝ կրթելով բազմաթիվ սերունդներ: Նրա աշխատանքները յուրահատուկ են և կրկնելը՝ անհնար: Շնորհավորում եմ այս գեղեցիկ ցուցահանդեսի առթիվ՝ ցանկանալով Էդուարդ Վարդանյանին մեծ եռանդ և աշխատանքային բեղուն գործունեություն»,- ասաց նա:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկա էր գտնվում նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով շնորհավորելով նկարչին 70-ամյա հոբելյանի առթիվ՝ նշեց. «Սիրելի՛ բարեկամներ, գեղարվեստի ակադեմիան իսկապես հարուստ է Վարդանյանով: Մեր սիրելի Էդուարդը տարիներ շարունակ սերունդներ է կրթել՝ իր արվեստն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ նկարիչներին: Վարդանյանի արվեստում գրավում են կերպարները՝ մարդը և կենդանին՝ որպես բնության հրաշքներ: Մարդկանց և կենդանիների պատկերները նրա աշխատանքներում արված են լակոնիկ, վրձնի ճշգրիտ և սահուն շարժումներով: Հետաքրքրական է, որ Վարդանյան ընտանիքում հայրը վերարտադրում է ավանդական հայկական, պատմական անցյալը, իսկ դուստրը մեզ է ներկայացնում եվրոպական քաղաքակրթությունը»:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը նկարիչ էդիկ Վարդանյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
Էդուարդ Վարդանյանի արվեստի մասին դրվատանքի խոսքեր ասաց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Միջոցառման վերջում հանդես եկավ հեղինակ Էդուարդ Վարդանյանը: Արվեստագետը շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը և Հրանուշ Հակոբյանին՝ իր արվեստը բարձր գնահատելու և աշխատանքների ցուցադրությանն աջակցելու համար: Միջոցառմանը ներկա էին նաև պետական և հասարակական գործիչներ, արվեստագետներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է նաև Հայ կանանց միջազգային միավորման, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի, Հայաստանի նկարիչների միության «Արտ-Կովկաս» տարածաշրջանային ասոցիացիայի աջակցությամբ։
Սոսե Չանդոյան