Քննարկում, որը թե՛ թեժ էր, թե՛ շատ օգտակար
EconomicsԱյսօր Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը գործարարների հետ, որին մասնակցում էին ոչ պարենային ապրանքների՝ խաղալիքների, ավտոգազալցաճնշակայանների, (ԱԳԼՃԿ), բենզինի և ավտոյուղերի արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետևանքով օրենսդրական դաշում տեղ գտած նոր փոփոխությունների մասին տնտեսվարողներին իրազեկելն ու նրանց հետ ոլորտում առկա խնդիրները քննարկելն էր:
Հանդիպմանը մասնակցում էին ինչպես խոշոր ներկրողներ, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը մանրամասն ներկայացրեց փոփոխությունները՝ նշելով նաև, որ իրենց նպատակն է ոչ միայն գործարարներին իրազեկելը, այլև նրանց կողմից վեր հանվող խնդիրները քննարկելը և դրանց հնարավոր լուծումներ գտնելը:
Նշենք, որ քննարկումն անցավ ակտիվ մթնոլորտում, ինչից կարելի էր ենթադրել, որ այն բավական սպասված էր: Տեսչական մարմնի հիմնական պահանջն այն էր, որ խանութներում, գազալցակայաններում կամ բենզալցակայաններում վաճառվող ապրանքները պետք է ունենան որակի սերտիֆիկատների պատճեններ, որը պետք է վաճառող կազմակերպություններին կամ ընկերություններին ներկայացնեն խոշոր ներկրողները:
Այս պահանջը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, քանի որ սուպեր և հիպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները, օրինակ՝ պնդում էին, որ հնարավոր չի լինի այդքան ապրանքի որակի մասին հավաստող փաստաթղթեր պահանջել և պահել, քանի որ դժվար է վերահսկել, թե տվյալ պահին վաճառվող ապրանքը ո՞ր խմբաքանակի ժամանակ է մուտք եղել խանութ:
Նոր փոփոխություններից դժգոհում էին նաև տոնավաճառների կազմակերպիչները, քանի որ նրանց տեղեկացմամբ, չի կարող այս կամ այն երկրից իր ուժերով ներկրող և տոնավաճառում գուլպա, վերնաշապիկ կամ այլ ապրանք վաճառողը, որն ընդամենը օրվա հացի խնդիր է լուծում, իր ապրանքի որակի մասին հավաստագիր ներկայացնելու համար լրացուցիչ գումար վճարել և իր կողմից ներկրած ապրանքը սերտիֆիկացնել:
Հանուն անկեղծության նշենք, որ իրականում Շուկայի վերահսկողություն իրականացնող մարմնի խնդիրը խանութում վաճառվող ապրանքների որակը ՀՀ և ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխանելու մասին վերահսկողություն իրականացնելն է, ինչն էլ իր հերթին շուկայում վաճառվող անորակ ապրանքների շրջանառությունը կանխելն է: Խնդիրն այն է, որ չի բացառվում, որ այս կամ այն երկրում անհայտ կազմակերպության կողմից արտադրած և Հայաստան ներմուծված ոչ պարենային ապրանքը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան անորակ սնունդը: Իրականում հագուստի կամ խաղալիքի անվտանգ լինելու փաստը հավաստիացնող փաստաթուղթը բավական կարևոր է, որին կարծես դեռևս պատրաստ չեն մեր առևտրականները:
Թե այս խմորը որքան ջուր կվերցնի և իրականում բիզնեսով զբաղվող անհատներն ու մեծ կամ փոքր ընկերություններն ինչ հետևություններ կանեն, դժվար է ասել, սակայն ակնհայտ էր, որ տեսչական մարմնի նպատակը ոչ թե տնտեսվարողներին տուգանելով բյուջե լցնել էր, այլ նրանց իրազեկելն ու նրանց առաջարկները քննարկելը: Հուսանք, որ բիզնեսով զբաղվողները նույնպես կընդունեն, որ սպառողն էլ իրավունք ունի ոչ միայն պաշտպանված, այլև տեղեկացված լինել, թե ինչ է հագնում կամ երբ «սուպեր» տեսակի բենզին է գնում, ապա այն իրո՞ք «սուպեր» է, թե «սուպեր ձևով» նորից խաբվել է:
Ա. Գրիգորյան