Մշակույթի նախարարությունն ընդունում է 2017թ. գրականության հրատարակման աջակցության հայտեր
CultureՀՀ մշակույթի նախարարությունն սկսել է 2017թ. հրատարակվելիք գրականության ցանկերի ձևավորման աշխատանքները։ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցված հաղորդագրության մեջ նշված է.
«2017 թ. հրատարակվելիք գրականությանը պետական աջակցություն տրամադրելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունում է հայտեր հետևյալ ուղղություններով.
- Հանրագիտարանային գրականություն
- Թարգմանական գրականություն
- Սփյուռքահայ գրականություն
- Ազգային փոքրամասնությունների գրականություն
- Հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ
- Երիտասարդ գրողների ստեղծագործություններ
- Առաջին գիրք
- Հայ ժամանակակից գրականություն (արձակ, պոեզիա, դրամատուրգիա)
- Մանկապատանեկան գրականություն
- Հայաստանի պատմությունը և մշակութային ժառանգությունը ներկայացնող ալբոմային գրականություն
- ՀՀ համայնքների մշակութային, տոնածիսական կյանքը, ավանդույթները ներկայացնող գրականություն
- Հոբելյանական հրատարակություններ, այդ թվում՝ էլեկտրոնային (խտասկավառակներ)
- Մեր մեծերին և նրանց ժամանակը ներկայացնող գրականություն
- Երաժշտական գրականություն (ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, գիտաուսումնական գրականություն, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ)
Հայտերի ներկայացման կարգը՝
Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է
- հայտ (ձևը կցվում է),
- նախահաշիվ (ձևը կցվում է),
- նկարազարդումների պարագայում՝ նկարազարդողի վերաբերյալ տեղեկություններ՝ ներառյալ արված գործերից օրինակներ,
- գեղարվեստական գրականության պարագայում՝ ստեղծագործությունը,
- թարգմանական գրականության դեպքում՝ թարգմանչի կենսագրությունը (CV), նախկինում արված թարգմանությունների ցանկը և ներկայացվող հրատարակությունից թարգմանված հատված,
- այլ հրատարակությունների պարագայում՝ ստեղծագործությունը կամ իրականացվող նախագծի մանրամասն նկարագրությունը,
- երկու գրախոսություն համապատասխան ստեղծագործական միություններից կամ գիտական հաստատություններից,
- գրքի հրատարակումն իրականացնող հրատարակչության վերջին 2 տարում հրատարակած 2 գիրք (ցանկալի է հրատարակված լինեն ոչ թե պետական պատվերով կամ աջակցությամբ, այլ սեփական կամ մասնավոր նախաձեռնությամբ):
Ներկայացված նախահաշիվները (2 օրինակ, մեկը՝ կցված բնագրին, մյուսը՝ առանձին) ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:
Աջակցություն ստացած հրատարակչությունը պատվիրատուին է հանձնում տպաքանակի մի մասը՝ վերջինի կողմից անվճար բաշխման նպատակով: Աջակցությունը կարող է լինել ինչպես ներկայացված ամբողջ նախահաշվի չափով, այնպես էլ մասնակի, որի չափը և հրատարակչության կողմից տրամադրվող օրինակների քանակը որոշում է ներյակացված հայտերը քննող մասնագիտական հանձնաժողովը:
Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա պետական աջակցության ցանկերը ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս. թ. հուլիսի 15-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, հեռ.՝ (011) 52-39-38)»: