Օրենսդրությունն ավելի շատ ուղղված է գերիշխող դիրքի չարաշահմանը. Ա.Նռանյանը՝ մենաշնորհների դեմ պայքարի մասին
EconomicsԻնչպես հայտնում է ORER.am-ը, այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը, անդրադառնալով մենաշնորհների թեմային, ասաց, որ ՀՀ օրենսդրությունն օրենքով սահմանված մենաշնորհ չունի, սակայն մեր օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյուքում ձևավորվեն մենաշնորհներ:
«Մեր տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունն ավելի շատ ուղղված է գերիշխող դիրքի չարաշահմանը, այլ ոչ թե մրցակցային մենաշնորհի վերացմանը: Սա օրենսդրական առանձնահատկություն է, որը պետք է նկատել»,- ասաց Նռանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մենաշնորհի օրինականացումը, օրինակ՝ շաքարավազի, առաջին անհրաժեշտության ապրանքների, դիզվառելիքի մասով որքանո՞վ են մեր տնտեսկան հարաբերություններում կարևորում:
Հարցին ի պատասխան՝ Ա.Նռանյանն առաջ քաշեց երկու մոտեցում՝ ասելով, թե եթե մենաշնորհ լինի, մենք կապահովենք ցածր գներ:
«Կա այլ տեսակետ, որը կարող է ոչ պոպուլյար լինել, օրինակ՝ ես այդ համոզումն ունեմ, որ ավելի լավ է՝ լինի մրցակցություն: Ոչինչ, մասշտաբի էֆեկտը թող չլինի և արդյունքում այդ նույն տնտեսվարողը մի քիչ ավելի թանկ ներկրի, ավելի շատ ծախս կատարի այդ նույն գործունեությունը ծավալելու համար, սակայն դա կբերի տնտեսական գործունեության ապակենտրոնացման, դա կհանգեցնի եկամուտների վերաբաշխման:
Ես ունեմ իմ անձնական համոզումը, որ Հայաստանի ճանապարհը՝ որպես փոքր երկիր, որը մարդկային պոտենցյալի առումով բավական մեծ ներուժ ունի, իր ճանապարհը բոլորովին էլ ցածրարժեք պրոդուկտի, ծառայությունների կամ ապրանքի թողարկումը չէ: Հայաստանում թող գները լինեն բարձր, բայց աշխատավարձն էլ լինի բարձր»,- ասաց նա: