18 տարեկանների 80 տոկոսի կարծիքով՝ երիտասարդներն առցանց բռնության վտանգի տակ են
SocietyՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության համաձայն՝ 18 տարեկանների 10-ից 8-ը գտնում է, որ երիտասարդներն առցանց սեռական չարաշահման վտանգի տակ են, իսկ 10-ից 5-ը կարծում է, որ իր ընկերները վտանգավոր վարքագիծ են դրսևորում համացանցից օգտվելիս:
Հարցումն իրականացվել է աշխարհի 25 երկրների 18-ամյա ավելի քան 10 հազար երիտասարդների շրջանում, որի արդյունքում պարզվել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ աճում են նաև ռիսկերի հեռանկարները:
«Համացանցն ու բջջային հեռախոսները երիտասարդների համար ավելի մատչելի են դարձնում տեղեկատվություն ստանալը, սակայն հարցման արդյունքները ցույց են տալիս, թե որքան իրական է առցանց չարաշահման վտանգն աղջիկների և տղաների համար»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Կոռնելիոս Ուիլիամսը:
«Համաշխարհային մասշտաբով՝ համացանցի 3 օգտատերերից 1-ը երեխա է: Այսօրվա բացահայտումները երիտասարդների մասին կարևոր տեղեկություն են պարունակում, ուստի ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտադիր է խթանել դեռահասների ձայնը՝ լսելի դառնալու համար օգնելով նրանց դիմակայել առցանց բռնությանը, չարաշահումներին և շահագործմանը, ինչպես նաև համոզվելու, որ երեխաները կարող են լիարժեք օգտվել համացանցի և բջջային հեռախոսների առաջարկած առավելություններից»,- ասված է զեկույցում:
Ուումնասիրությունները ցույց են տվել նաև, որ հարցմանը մասնակցած աղջիկների ավելի քան երկու երրորդը՝ 67 տոկոսը, լիովին համաձայն է, որ համացանցում սեռական բնույթի մեկնաբանություններ կամ խնդրանքներ ստանալու դեպքում կանհանգստանա, իսկ տղաների դեպքում այդ թիվը կազմել է 47 տոկոս:
Առցանց սպառնալիքների հանդիպելիս դեռահասներն ավելի շատ դիմում են ընկերներին, քան ծնողներին կամ ուսուցիչներին:
Ի դեպ, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում 18 տարեկանների երկու երրորդը կարծում է, որ երեխաներն ու դեռահասները կանգնած են առցանց սեռական չարաշահումների վտանգի առաջ, իսկ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների 33 տոկոսին է սպառնում այս վտանգը:
ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության 18-ամյա երիտասարդներն առավել վստահ են, որ կարող են խուսափել առցանց վտանգներից, որոնց 94 տոկոսը լիովին կամ որոշ չափով կարծում է, որ կարող է պաշտպանվել սոցիալական լրատվամիջոցներից օգտվելիս:
Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում միայն 41 տոկոսն է կարծում, որ կարող է լիովին պաշտպանվել: Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում 63 տոկոսը կարծում է, որ նոր մարդկանց հանդիպելը վիրտուալ տիրույթում շատ կարևոր է:
Առցանց բռնությանը վերջ տալու գործում երեխաներին և դեռահասներին ներգրավելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել է #ReplyforAll տեղեկատվական արշավը, որը «Դադարեցրե՛ք բռնությունը երեխաների նկատմամբ» հանրային արշավի մի մասն է:
Ա.Գ.