Բարեգործական միջոցառում՝ մելանոմայի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով
SocietyՀունիսի 9-11-ը ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել է «Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումների շարքը:
Մելանոման մաշկի չարորակ ուռուցք է, որի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել: Դրա զարգացմանը նպաստում են ինչպես բնական արևային լոգանքները, այնպես էլ արհեստական սոլյարիները: Այսօր ողջ աշխարհում մասնագետների կողմից ակտիվ պայքար է մղվում այս հիվանդության ինչպես վաղ հայտնաբերման, այնպես էլ կանխարգելման համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ողջ աշխարհում մելանոմայով հիվանդացության դեպքերը գնալով ավելանում են, իսկ հիվանդների 20-25 տոկոսի դեպքում հնարավոր չի լինում հիվանդների կյանքը փրկել բժշկին ուշ դիմելու պատճառով:
Հայ հասարակությանը մելանոմա հիվանդության մասին տեղեկացնելու և դրա վաղ հայտնաբերման ու կանխարգելման մասին իրազեկելու նպատակով կազմակերպված միջոցառումներին կարող են մասնակցել ինչպես Երևանի, այնպես էլ բոլոր մարզերի բնակիչները՝ նախօրոք հերթագրվելով (010) 548 273 հեռախոսահամարով:
Միջոցառման պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվայի տուն» Մոսկովյան մշակութա-գործարարական կենտոնում, որից հետո հունիսի 10-ին և 11-ին հայաստանցիները հնարավորություն կունենան անվճար զննում և խորհրդատվություն անցնել «Դա Վինչի» կլինիկայում (հասցե՝ Ամիրյան 4/6):
Նշենք նաև, որ օնկոլոգիական հիվանդությունների շարքում մելանոման, լինելով ամենաագրեսիվ տեսակներից մեկը, զարգանում է շատ արագ, ուստի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով այսօր ողջ աշխարհում մասնագետների և լրատվամիջոցների կողմից ակտիվ պայքար է մղվում այս հիվանդության առաջացման, ինչպես նաև մելանոմային վտանգների վերաբերյալ հասարակության լայն զարգվածներին և առողջապահության առաջնային օղակներում աշխատող մասնագետներին իրազեկելու համար:
Հուսանք, որ հայ հասարակությունը ևս կօգտվի այս աննախադեպ հնարավորությունից և հուզող հարցերին սպառիչ պատասխան ստանալու համար նախաձեռնություն կցուցաբերի, ինչը մեր մասնագետներին թույլ կտա խնդիրները վաղ հայտնաբերել և կազմակերպել դրա արդյունավետ բուժումը:
Ա.Գ.