«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ առաջարկներ չեն եղել. Լևոն Յոլյան
Economics«Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչ այս պահը առաջարկներ չի ստացել: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:
«2016թ. մարտի 11-ին իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ «Նաիրիտ»-ի շուրջ հետագա հնարավոր զարգացումերն ուսումնասիրելու նպատակով: Ես աշխատանքային խմբին տվել եմ լիազորություն հանդես գալ նախարարության և կոնկրետ իմ անունից բանակցություններ վարել բոլոր հնարավոր ներդրողների հետ գործարանի վերագործարկման հարցով:
Քանի որ այդ գործարանը զբաղվել է կաուչուկի արտադրությամբ, շուրջ 10 կազմակերպություններ կարող էին հետաքրքրություն դրսևորել գործարանը վերագործարկելու հեռանկարով: Տեղեկացնեմ, որ մինչ օրս ոչ մե կի կողմից վերագործարկման վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել»,- նշեց Յոլյանը:
Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե կառավարությունը սկսել է գույքագրել գործարանի ողջ գույքը՝ Յոլյանն ընդգծեց, որ ոչ թե ողջ գույքն են գույքագրում, այլ արտակարգ իրավիճակների նախարարության հետ միասին պայմանավորվածություն ունենք գործարանում առկա վտանգավոր քիմիկատները վնասազերծելու ուղղությամբ:
Պատգամավորի հարցին՝ արդյոք կառավարությունը որոշել է դադարեցնել «Նաիրիտ»-ի աշխատանքները, նախարարը պատասխանեց. «Գործարանի աշխատանքները դադարեցվել են 2010թ. մարտից և մինչ օրս արտադրություն գոյություն չունի այդ ձեռնարկությունում»: