Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանը վերակառուցվում է սահմանված ժամանակացույցով
Society«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» երկրորդ բաղադրիչով շարունակվում են Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի ուղեկցությամբ շինարարությա ն ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ներկայացնելով աշխատանքների ընթացքը` նշվել է, որ դրանք իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Գրեթե ամբողջությամբ ավարտվել են առաջին պարզարանի ընդունիչ կայանի աշխատանքները, այժմ արդեն իրականացվում են վերջին միացումները: 2-րդ պարզարանում էլ շինաշխատանքների ավարտի ց հետո, սարքավորումների մոնտաժման աշխատանքներն են ընթանում: Առայժմ շինարարությունը շարունակվում է 3-րդ պարզարանում: Պատրաստ են նաև կայանի 2 ենթակայանները:
Համաձայն նախագծի՝ Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանը կունենա կեղտաջրերի մեխանիկական մաքրման համար անհրաժեշտ, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ: Հետագայում նախատեսվում է ներդրումային միջոցների ներգրավմամբ իրագործել նաև կեղտաջրերի կենսաբանական մաքրման ծրագիրը:
Առաջնահերթ կարևորելով որակի ապահովումը՝ քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել շինարարության ընթացքի նկատմամբ և խստորեն հետևել սահմանված չափորոշիչների, ինչպես նաև ժամկետների պահպանմանը»: