Խալերը կարող են վերածվել չարորակ ուռուցքների. բժիշկների խորհուրդները հիվանդության կանխարգելման ու բուժման վերաբերյալ
SocietyՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 9-11-ը Երեւանում կանցկացվի «Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումների շարքը, ինչի մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին բանախոսները: Խոսելով միջոցառման նպատակի մասին՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական համաքաղցկեղային լիգայի նախագահ Գրիգոր Բադալյանը նշեց. «Մենք ցանկանում ենք բարձրացնել մելանոմայի կանխարգելման մակարդակը: Միջոցառումը, որը կոչվում է «Մելանոմա Day» անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Վերջին տասը տարվա կտրվածքով հիմնականում եվրոպական երկրներն են միանում միջոցառմանը, այն անցկացվում է մեկ օր՝ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Միջոցառմանը կլինեն բժիշկներ, որոնք աշխատում են ամբուլատոր բժշկական ցանցում, դրանք դերմատոլոգներն են, կոսմետոլոգները, տեղամասային օնկոլոգները: Հմուտ մասնագետների կողմից կանցկացվեն դասախոսություններ եւ կտրվեն սերտիֆիկատներ ու կրեդիտներ: Կոնֆերանսից հետո երկու օր կլինեն անվճար զննումներ: Զննումները կիրականացվեն ժամանակակից սարքերով»,- ասաց պրոֆեսորը՝ անցում կատարելով մելանոմա կոչվող չարորակ ուռուցքի բնութագրմանն ու վտանգավորության աստիճանին:
«Մելանոման չափազանց վտանգավոր ուռուցք է, այն համարվում է մաշկի ուռուցքներից մեկը: Մելանոման իր ագրեսիվությամբ շատ վտանգավոր է, սակայն երբ նախնական փուլում հայտնաբերվում է, բուժումը 90%-ից բարձր է լինում: Գիտենք, որ կան ուռուցքներ, որոնք չեն երեւում, օրգանիզմի խորքում են եւ դրանց դեմ պայքարելը շատ ավելի դժվար է, քան մելանոմայի դեմ»,- ասաց նա:
Գ. Բադալյանը, ներկայացնելով նաեւ վերջին հինգ տարվա վիճակագրական տվյալները, ասաց, որ Հայաստանում տարեկան գրանցվում է մելանոմայի բացահայտման մինչեւ 60 դեպք: Իսկ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության ԳԲԿ տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Բաբայանը, խոսելով խալերի՝ մելանոմայի վերածվելու հիմնական պատճառներից, նշեց, որ խալը կարող է վերածվել մելանոմայի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության դեպքում: Արեւի շողերը հատկապես վտանգավոր են ժամը 10.00-16.00-ն ընկած ժամանակահատվածում:
«Մարդիկ պետք է տեղեկացված լինեն ու հետեւեն իրենց առողջությանը, գիտակցեն, որ տարին առնվազն մեկ անգամ պետք է անցնեն դիսպանսեր հսկողություն: Նրանք պետք է ուշադիր լինեն սեփական անձի նկատմամբ, քանի որ խալերը կարող են վերածվել մելանոմայի՝ թացանալ, արյունահոսել, խոցոտել եւ այլն: Այս հարցը բազմապրոֆիլ է, բժիշկները բավական մեծ աշխատանք են կատարում ախտորոշման հարցում, ուստի շատ ավելի լավ կլիներ, որ մարդիկ մի փոքր շեղման դեպքում անգամ դիմեն բժշկի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Հայաստանում բժիշկների պատրաստվածությանն ու պրոֆեսիոնալիզմին, ապա Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանն ասաց. «Այսօր մասնագետները պատասխանատու հայտարարում են, որ մելանոման նախնական շրջանում բուժվող հիվանդություն է, իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեր բժշկությունը լավ մակարդակի վրա է գտնվում, սակայն տվյալ գիտաժողովը նախատեսված է պացիենտի ու հարակից մասնագետների իրազեկվածությունը բարձրացնելու համար: Մենք ցանկանում ենք, որ մարդկանց ուշադրությունն այն աստիճան բարձրանա, որ նկատելով մաշկի վրա թեթեւ շեղումներ՝ դիմեն կոմպետենտ մասնագետի»,- ասաց Գ. Գրիգորյանը՝ հավելելով, որ գիտաժողովների ժամանակ տեղի է ունենում նաեւ փորձր փոխանակում, ինչը մեկ քայլ առաջ է տանում տվյալ ոլորտի մասնագետներին:
Սոսե Չանդոյան