Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակներ կհանձնի
SocietyԵրևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ երեխաները քաղաքապետարանի կողմից կստանան ուսումնական իրենց առաջին նվերները: Ավագ խմբերի բոլոր երեխաներին կհանձնվեն դպրոցական պայուսակներ՝ 13 անուն անհրաժեշտ դպրոցական պարագաներով՝ այդ թվում գրենական պիտույքներ և նկարչական տարբեր ալբոմներ ու ներկեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ ընդհանուր առմամբ 10.000 պայուսակներն արդեն նախապատրաստվել են և ավարտական-ամփոփիչ հանդեսների շրջանակում կփոխանցվեն ապագա աշակերտներին։