Ինչպե՞ս փոքրիկ թռչնակը վերածվեց սեւ կարապի. Նատալի Փորթմանը նշում է ծննդյան տարեդարձը
LifestyleԱյսօր իր ծննդյան 35-ամյակն է նշում Հոլիվուդի ամենագեղեցիկ եւ նուրբ «սեւ կարապը»` տաղանդավոր եւ հմայիչ Նատալի Փորթմանը:
Իսրայելական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհին մեծ ճանաչում ձեռք բերեց «Լեոն» ֆիլմից հետո, որտեղ նրա խաղընկերը հանրահայտ Ժան Ռենոն էր: Այն ժամանակ 13-ամյա փոքրամարմին աղջկան, կարծես թե, ամբողջությամբ գրավեց կինոյի մեծ աշխարհը:

Այժմ Նատալին իր ֆիլմացանկում ունի բավականին ճանաչված ֆիլմեր` «Աստղային պատերազմներ», «Տոր», «Սերն ու այլ հանգամանքները», «Այնտեղ, որտեղ սիրտն է», «Սառը լեռը» եւ, իհարկե, «Սեւ կարապը», որը դերասանուհու համար դարձավ իսկական հաջողություն` բերելով նրան «Օսկար», «Ոսկե գլոբուս», «BAFTA» եւ «Սատուրն» հեղինակավոր մրցանակներ:
Նատալիին հաճախ որպես իրենց գովազդային դեմք ցանկանում են տեսնել ամենահեղինակավոր եւ ճանաչված բրենդները: Նուրբ եւ գեղեցիկ դերասանուհին իր արտիստիզմով փայլում է նաեւ տեսահոլովակներում:

Փոլ ՄաքՔարթնիի My Valentine տեսահոլովակում Փորթմանը ժեստերի հուզիչ լեզվով փորձում է հաղորդել երգի իմաստը: Նրան ընկերակցում է նաեւ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը, որը, ի դեպ, եւս այսօր տոնում է ծննդյան տարեդարձը:
Ինչ վերաբերում է Նատալիի անձնական կյանքին` նշենք, որ նա ամուսնացած է Նյու Յորքի թատրոնի եւ բալետի պարող Բենիամին Միլպիեի հետ: Նրանք ծանոթացել են «Սեւ կարապը» ֆիլմի նկարահանումների ժամանակ. 2011 թ-ին զույգի ընտանիքում ծնվեց փոքրիկ Ալեֆը: Որդու ծննդին հաջորդեց երկար սպասված հարսանիքը:

Որպես դերասանուհու մասին հետաքրքիր փաստ` հարկ է նշել, որ նա առհասարակ միս չի ուտում: Դերասանուհին մսամթերքից հրաժարվել է դեռեւս 8 տարեկանում, երբ ականատես է եղել, թե ինչպես են բժշկական փորձարկումներ կատարում հավի վրա:
Նատալին հանդիսանում է կենդանիների իրավունքների պաշտպան: Նա նաեւ հրաժարվել է հագնել մորթուց եւ կաշվից պատրաստված հագուստ: