Ի՞նչ արդյունք ակնկալել. Մենաշնորհին զսպող մեխանիզմների հետքերով
EconomicsՎերջին շրջանում բավականին մեծ քննարկումներ են ծավալվել պետական կրճատումների, հակամենաշնորհային քաղաքականության ու տնտեսումներին ուղված աշխատանքների շուրջ: Այստեղ ավելի կարևոր է հանրային ընկալումը կատարված քայլերի վերաբերյալ: Հասարակությունն ակնկալում է պետության կողմից օպտիմալացմանն ուղղված միջոցացառումների շոշափելի արդյունքներ: Քաղաքական դաշտում նույնպես գերակայում է նման մոտեցումը: Անհրաժեշտ է ներդնել աշխատող մեխանիզմներ, որոնք ոչ միայն ինքնաբերաբար կվերահսկեն առանձին ոլորտներում մենաշնորհային ռիսկերը, այլ նաև կլինեն թափանցիկ հանրության համար:
Այս առումով հարկ է հիշել այն, որ նախորդ նիստում գործադիրի ղեկավարը առաջարկություն էր ներկայացրել, ըստ որի պետք է քննարկել սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը. «Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար»: Այստեղ խոսքը գնում է ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոններ թելադրելը բացառելու մասին:
Այսինքն առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որով կարևոր ապրանքային շուկաներում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով: Այս մեխանիզմի միջոցով խոշոր տնտեսավորը, երբ ներմուծում է ապրանքը, պարտավոր է այն դնել մանրածախի համար աճուրդի, իսկ եթե ցանկանում է զբաղվել մանրածախ վաճառքով պետք է մնացած տնտեսվարողների հետ մասնակցի աճուրդին: Եթե անգամ ներմուծող ու մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միևնույն է, պետք է իրար հետ կապվեն բացառապես այդ հարթակի միջոցով:
Պետք է փաստել, որ սա արմատական փոփոխություններ է խոստանում: Այս մեխանիզմը մեծածախ ներկրողին կամ վաճառողին զրկում է ներքին շուկայի գների վրա սուբյեկտիվ ազդեցության լծակներից, ոչ շուկայական, կամայական գներ սահմանելուց կամ դրանք կամայականորեն փոփոխելուց: Մյուս կողմից էլ այս գործընթացը մեղմում է մրցակցության խաթարմամբ ՓՄՁ-ներին շուկայից դուրս մղման, նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման հնարավոր բարձր ռիսկերը:
Գաղափարը բավականին խոստումնալից է, սակայն վաղ է խոսել արդյունքների մասին: Ակնհայտ է, որ պետության կողմից առաջարկվում են այս հարցի լուծման ընդգկուն մոտեցումներ, որոնց արդյունավետության մասին կարող ենք դատել դրանք ներդնելուց որոշ ժամանակ անց: