Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով թուրք փաստաբանի դիմումը Գերմանիայի ՍԴ կարող է չընդունվել. Deutsche Welle
SocietyԱնկարայից թուրք փաստաբան Մելիհ Աքքուրթը դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չեղյալ համարելու հայցով:
Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Գերմանիայի Սահմանադրական դատարանը, սակայն, կարող է և չընդունել փաստաբանի ներկայացրած դիմումը, քանի որ Գերմանիայի Դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման փաստաթուղթը խորհրդարանական որոշում է, այլ ոչ թե օրենք, իսկ Սահմանադրական դատարան դիմումներ կարող են արվել միայն օրենքների հարցով: Մինչև օրս խորհրդարանի որոշումները Սահմանադրական դատարան չեն տարվել:
Փաստաբան Մելիհ Աքքուրթը, նշելով, որ տեղյակ է այս խնդրի մասին, հայտնել է, որ եթե իր դիմումը մերժվի, ապա ինքը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: