Տրիկոտաժեղենի, գորգեղենի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Economics2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 55.8%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 6.9 տոննա գորգեր և գորգեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 15.6 տոննա:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 988.5 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ի հունվար-ապրիլին՝ 1 088.4 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալները նվազել են 9.2%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 3 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 0.8 տոննա, ինչը 73.3 տոկոսով պակաս է:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին չորս ամիսներին 3.5 անգամ աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. 2015թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 1 341.2 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016 թ-ին՝ 4 643.9 հազար զույգ: