Կեսարյան հատման վնասները կնոջ և նորածնի օրգանիզմի համար
LifestyleԿեսարյան հատումով երեխա լույս աշխարհ բերելու ցանկություն հայտնող կանանց թիվը գնալով աճում է: Այսօր արդեն ամեն 3-րդ կինը դիմում է կեսարյան վիրահատության, մինչդեռ տասը տարի առաջ դրան դիմում էր ամեն 5-րդը, տեղեկացնում է «Յուէս Նյուզ» լրատվականը: Կեսարյան հատման կողմնակիցները նշում են, որ այն ազատում է կնոջը ծննդաբերության տանջանքներից, ինչպես նաև կանխում է վագինալ ճանապարհով ծննդաբերելու հետևանքով առաջացած երեխաների մահերը: Սակայն վիրահատական ուղով ծննդաբերելը նաև մեծապես վնասում է կնոջ օրգանիզմը: Մասնավորապես, կեսարյան հատման վիրահատությունից հետո մոտ 6 շաբաթ շարունակ կնոջ մոտ նկատվում են որովայնի առաջնային պատի սուր ցավեր: Բացի այդ, կնոջ առողջականի վրա մեծապես ազդում է անեսթեզիան, որը միացվում է վիրահատության ժամանակ, ինչպես նաև մեծանում է վարակների ձեռքբերման և արյան մակարդելիության նվազման հավանականությունը:
Սակայն ամենամեծ ազդեցությունը այդ վիրահատությունից լինում է նորածին երեխային թոքերի վրա՝ առաջացնելով շնչառական լուրջ խնդիրներ: Դեկտեմբերին տպագրված «Բրիտանական բժշկական ամսագրում» բժիշկ-հետազոտողները նշել էին, որ համեմատելով կեսարյան հատումով ծնված երեխաներին բնական ճանապարհով ծնված նույն տարիքի երեխաների հետ` նրանք հետաքրքիր մի օրինաչափություն են նկատել. վիրահատական միջամտությամբ ծնված երեխաների մոտ 4 անգամ ավելի մեծ է հետագայում շնչառական հիվանդությունների առաջացման վտանգը և 5 անգամ ավելի մեծ է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը: Բացի այդ՝ բնական ճանապարհով լույս աշխարհ եկած երեխաները անհրաժեշտ միկրոֆլորան ստանում են մոր օրգանիզմից, այնինչ կեսարյան հատման ճանապարհով ծնվածները այն չեն ստանում, այսինքն՝ լույս աշխարհ են գալիս առանց անհրաժեշտ բակտերոլոգիական պաշտպանության: