«Կումայրի» արգելոցի կառույցների վերանորոգմամբ հետաքրքրված են Վաշինգտոնում
SocietyԳյումրու պատմական կորիզը համարվող «Կումայրի» արգելոցի կառույցների վերականգմամբ հետաքրքրված են Վաշինգտոնում: Հունիսի 13-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վաշինգտոնի նահանգապետի օգնական Լիզա Հարփերին: Լիզա Հարփերը նախ կիսվեց քաղաքից ու ժողովրդից ստացած իր լավ տպավորություններով, ապա ընդգծեց, որ Գյումրի այցի հիմնական նպատակը «Կումայրի» արգելոցի շենքերի ուսումնասիրությունն է, իսկ հեռանկարում այդ շենքերի վերականգման ու պահպանման ծրագիրն է: Սամվել Բալասանյանը ողջունեց Լիզա Հերփերի նախաձեռնությունը, միաժամանակ ընդգծելով, որ պատրաստակամ է աջակցել ծրագրին: Գյումրու քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում Լիզա Հարփերը նշեց« որ գիտակցում է, թե գյումրեցիներն ինչ են զգում կիսաքանդ շենքերին նայելիս:
Հանդիպման ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, Լիզա Հարփերը փաստեց, որ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող տների ու շենք-շինությունների լուսանկարները մտադիր է ցուցադրել Վաշիգտոնում և վստահ է, որ կկարողանա տարբեր ծրագրերի միջոցով գումարներ հավաքել շենքերի նորոգման համար՝ ներգրավելով ոչ միայն պետական« այլ նաև մասնավոր սեկտորին: Վաշինգտոնի նահանգապետի օգնականի խոսքով` կառավարության անդամներից բաղկացած պատվիրակությունը սեպտեմբերին Գյումրի կժամանի:
«Երբ գնամ ԱՄՆ, ամեն ինչ անելու եմ, որ անհրաժեշտ գումարը հավաքվի, որպեսզի արդեն 2017 թվականի արգելոցի մի քանի կառույց վերանորոգվի: ԱՄՆ-ից արդեն այս ամռան վերջին նոր մասնագետներ կգան ուսումնասիրության, իսկ հենց հիմա այդ առաքելությամբ դրամաշնորհային ծրագիր է գրվում՝ 2017 թվականի համար»,- նշեց Լիզա Հարփերը:
«Կումայրի» արգելոցը կազմավորվել է1980 թվականին կառավարության որոշմամբ, որի նպատակը եղել է Գյումրի քաղաքի տարածքում 19-րդ դարից պահպանված պատմական նշանակություն ունեցող կառույցների պահպանումը: Երկրաշարժից հետո այդ շինությունների մեծ մասը դարձել է վթարավտանգ: Դրանց մեծ մասը բնակարանային շինություններ են:
2008 թվականին կառավարությունը հանրապետության ութ քաղաքներ ճանաչեց որպես քաղաքաշինության հատուկ կարգավորման ռեժիմի գոտիներ: Դրանց մեջ էր Գյումրին իր պատմական կենտրոնով՝ «Կումայրի» արգելոցով: