90 միլիոնով սաունաներ, բարեր կառուցելու փոխարեն կարելի էր 20 հատ դրոն գնել. Ա. Սարգսյան
SocietyՀայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը ցավով է կարդում այն հոդվածները, որտեղ վերլուծաբանները նշում են, թե Հայաստանին այդքան անհրաժեշտ ռազմական տեխնիկա ձեռք բերելու փոխարեն իրականում ինչի վրա են ծախսվում այդ գումարները:
«90 միլիոն դոլար է ծախսվել 2 ուսումնական հաստատություն կառուցելու վրա, որտեղ ընդամենը 4 լսարան կա, իսկ մնացածը սաունաներ, բարեր, թենիսի կորտեր և այլ վայրեր են»,- ասում է Ա. Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ պարզ չէ, թե ինչու են նման հաստատություններ կառուցվել, եթե ավելի անհրաժեշտ խնդիրներ կային լուծելու: Իր խոսքով՝ ինչպես հոդվածի հեղինակն է, նշել այդ 90 միլիոնով կարելի էր իսրայելական առնվազն 20 դրոն գնել, ոչ թե սաունաներ կառուցել:
«Այսինքն՝ այս օրերին, երբ բյուջեի կատարողականն է քննարկվում, ասեմ, որ բյուջեի դեֆիցիտն ահռելի մեծ է, որը փակելու համար մի քանի անգամ արդեն վարկ են վերցրել, այսինքն՝ վարկը վերցնում են ոչ թե այն գործի մեջ ներդնելու համար, պարտքը փակելու: Այստեղ կարելի է հստակ ասել, որ տնտեսական քաղաքականություն չկա»,- ասում է Ա. Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ վերջին շրջանում եղել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում, և բոլոր տեղերում նույն հարցն է բարձրացվում, թե երբ պետք է զարգանա գյուղատնտեսությունը:
«Հողերը համատարած չեն մշակվում, արտադրություն չկա, իսկ արտադրություն հիմնողներին էլ որևէ օժանդակություն չի ցուցաբերվում: Բանկային համակարգը խեղդում է բոլորին, և հիմա այդ պայմաններում ո՞նց պետք է զարգանա տնտեսությունը: Ազատ շուկայական հարաբերություններ չեն լինում, դրանք հեքիաթներ են, որոնք հորինվել են: 90 միլիոն գումարը, որը ծախսվում է սաունաներ, բարեր, ռեստորաններ կառուցելու վրա, որը մեր բյուջեի մեկ տարվա դեֆիցիտն է կազմում, պետք է ավելի կարևոր հարցերի լուծմանն ուղղել»,- ասում է Ա. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հիմա էլ բյուջեն լցնելու համար ինչ ասես հնարում են ու հետո հայտարարում, թե արտադրություն զարգացնելը պետության գործը չէ:
«Եթե արտադրություն չզարգանա, որտեղի՞ց պետք է հարկերը գան: Եթե համապատասխան աշխատատեղեր չունենանք, ժողովուրդն էլ հեռանա երկրից, մենք, իհարկե, բյուջե չեն կարողանալու լցնել: Եթե այս ամենի վտանգները ռազմավարական տեսանկյունից չենք տեսնում, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Ա. Սարգսյանը: