Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնի բացմանը հանդես կգա Հյուբերթ Քեփլը
CultureՀունիսի 28-ից հուլիսի 1-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:
Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Բացման համերգին հունիսի 28-ին ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը (Գերմանիա): Նա իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում բազմաթիվ միջազգային փառատոնների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Հյուբերթ Քեփլը ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Հիմնադրել է Koblenz International Guitar Academy-ն (Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիա): Բացման երեկոյին հանդես կգա նաև փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:
Փառատոնային երկրորդ համերգին հունիսի 29-ին ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Փակման երեկոյին հուլիսի 1-ին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):
Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում իր հարուստ փորձով կկիսվի Հյուբերթ Քեփլը, իսկ Դմիտրի Մուրինը հունիսի 30-ին վարպետության դասընթաց կանցկացնի «Այբ» դպրոցում: LOFT ինքնազարգացման կենտրոնում նախատեսված է կազմակերպել նաև Դավիթ Դյակովի վարպետության դասը:
Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը: Ինֆորմացիոն հովանավորներն են արտասահմանյան մի շարք հայտնի ԶԼՄ-ներ: