Զալցբուրգի փառատոնում հայ մշակույթը կներկայացնի «Գեղարդ» երգեցիկ խումբը
CultureԶալցբուրգի ամենամյա դասական երաժշտության և թատերական ներակայացումների փառատոնում հայ մշակույթը կներկայացնի «Գեղարդ» երգեցիկ խումբը:
Հուլիսի 22-ից օգոստոսի 31-ը Մոցարտի ծննդավայրում անցկացվելիք փառատոնը տեղի կունենա արդեն 96-րդ անգամ, որին մշտապես մասնակցում են ճանաչված արտիստներ ամբողջ աշխարհից: Զալցբուրգի ամենամյա փառատոնը համաշխարհային նշանակության իրադարձություն է: Միջոցառմանը մասնակցելու համար տարբեր երկրներից ավստրիական այս քաղաքում հավաքվում են հարյուր հազարավոր երաժիշտներ ու դասական արվեստի սիրահարներ: Այն արդեն վաղուց դարձել է ժամանակի լավագույն ռեժիսորների, խմբավարների, դերասանների և երգիչների հանդիպման վայր: Սովորաբար գլխավոր թեման Մոցարտն է, որի երաժշտությունը փառատոնի օրերին հնչում է ամենուր: Իսկ փառատոնի Մեծ պալատում և այլ բեմահարթակներում ներկայացվում են զանազան բեմադրություններ, տեղի են ունենում համերգներ: Փառատոնն աչքի է ընկնում իր բարձր երաժշտական մակարդակով, ինչպես նաև ավանդույթների ու նորարարությունների համադրությամբ: Ռեժիսորական որոնումների միջոցով հայտնի ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացվում են նոր մոտեցումներով:
«Այդ փառատոնում Հայաստանը մեր խումբն է ներկայացնելու: Ներկայացվելու է հայ հոգևոր երաժշտություն`թե միջնադարյան մոնոդիկ, և թե հայկական կոմպոզիտորական մշակումներով: Դա փառատոնի այն հատվածն է, որը վերջերս է հավելվել` «Հոգևոր նախերգանք» կոչված բաժինը, որտեղ մինչ այս տարի ներկայացվել է արևմտաքրիստոնեական եկեղեցու երաժշտական մշակույթը: Այս տարի նվիրված է արևելաքրիստոնեական երաժշտական մշակույթին` այդ թվում` բյուզանդական, ռուսական, բայց և հատուկ շեշտված է արևելյան վեց ուղղափառ եկեղեցիների` հայերի, հույների, եթովպիացիների, ասորիների և այլոց մշակույթը: Այսպիսի մասնագիտական մոտեցմամբ նրանք կարևորում են հոգևոր երաժշտական մշակույթը որպես եվրոպական ու առհասարակ պրոֆեսիոնալ կոմպոզիտորական մշակույթի հիմք ու դրա կարևոր բաղադրիչներից մեկը, և մեզ հրավիրել են մասնակցելու»,-տեղեկացրեց Մհեր Նավոյանը:
Խմբի գեղարվեստական ղեկավարը հայտնեց նաև, որ փառատոնից դուրս սպասվում են համերգներ Ավստրիայի այլ քաղաքներում, մասնավորապես, Վիեննայում, ինչպես նաև Գերմանիաում: Մհեր Նավոյանը շեշտեց, որ «Գեղարդ»-ի ստեղծման և համերգային գործունեության հիմնական նպատակը հայ երաժշտական մշակույթի քարոզչությունն է: Ցանկանում են հանրայնացնել հայ ավանդական երաժշտական մշակույթը` հոգևոր և ժողովրդական, և դրանց կոմպոզիտորական, դասական մշակումները հայ իրականության մեջ:
«Սա չի նշանակում, որ եվրոպական արվեստից գործեր չենք կատարում, բայց հիմնականը հայ արվեստը պրոպագանդելն է: Փորձում ենք համերգային իրականություն բերել հայ միջնադարյան մոնոդիկ և հոգևոր արվեստը` միաձայն ու մոնոդիկ դրսևորումներով, այսինքն `ոչ կոմպոզիտորական միջամտությամբ: Վերջինը մինչև հիմա քիչ է ընդունված եղել, մենք փորձում ենք դա դարձնել ավանդույթ: Այն տեսքով, որ այն կար միջնադարում, ևս բարձր էր, պրոֆեսիոնալ էր ու իրավունք ունի համերգային կեցություն ունենալու»,-հավելեց մեր զրուցակիցը:
«Գեղարդ» երգեցիկ խմբի խմբավարը Անահիտ Պապայանն է: