«Արմավիր» ՔԿՀ-ում ևս կիրականացվի էներգախնայողության ծրագիր
SocietyՀՀ կառավարությունը լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով թույլատրեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ էներգախնայողության միջոցառումների ծրագիր իրականացնել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախնական էներգետիկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության միջոցառումների ծրագրի իրականացման դեպքում հնարավոր է ապահովել էներգետիկ ծախսերի առնվազն երեսունվեց տոկոս տարեկան խնայողություն:
«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը 2015թ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Հրազդան», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում և նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքում իրականացրել է էներգախնայողության միջոցառումների ծրագիր»,- Արմենպրեսի հաղորդմամբ` հիշեցրեց Հովհաննիսյանը: