Մաքրվում են Սեւանի ափամերձ եւ ջրածածկման ենթակա անտառները
SocietyՍեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով լճի ափամերձ հատվածներում ջրածածկման ենթակա անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից եւ բուսական այլ համակցություններից մաքրելու նպատակով արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում են համալիր աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մաքրման աշխատանքերն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸտնօրեն Արարատ Քոչարյանը, Այս տարի նախատեսված է մաքրման աշխատանքներ կատարել «Սեւան» ազգային պարկի Նորատուսի մասնաճյուղի Գավառի, Հայրավանքի եւ Նորատուսի տեղամասերում, մոտ 99 հեկտար տարածության վրա, որի համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է մոտ 123 մլն դրամ:
Մաքրման աշխատանքներն ընթանում են ջրում, ճահիճներում եւ ցամաքում: Մինչեւ տարեվերջ պետք է մաքրման ենթարկել17 հեկտար ցամաքային, 34 հեկտար ջրային եւ 48 հեկտար ճահճային տարածքներ: «Թեեւ աշխատանքներն ընթանում են առանց դադարի, սակայն հաճախակի տեղացող անձրեւները հատկապես խոչընդոտում են ցամաքային հատվածներում իրականացվող աշխատանքները: Իսկ ճահճային հատվածներում աշխատանքները հիմնականում կսկսվեն հուլիսին՝ լճում ջրի մակարդակի նվազեցմանը զուգընթաց: Մաքրվող յուրաքանչյուր տարածք ապահովված է համապատասխան տեխնիկայով: Մաքրման աշխատանքների ընթացքում հանդիպող հիմնական դժվարությունները կապված են ծառարմատների տեղահանման եւ դրանց տեղաշարժի հետ: Հեշտ չէ նաեւ ճահճային տարածքներում իրականացվող աշխատանքը, որտեղ հանդիպող եղեգնուտները հանդիսանում են Սեանի ավազան չուի եկող թռչունների բնադրավայրեր, որոնք չվնասելու համար մեխանիզատորներն ու բանվորներն աշխատում են զգուշությամբ»,- ներկայացրեց Արարատ Քոչարյանը::
Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներում ներգրավված են 20 մեխանիզատոր եւ բանվոր, 7 միավոր տեխնիկա: Կանոնավոր աշխատանքներ իրականացնելու դեպքում օրական այս հատվածից 30- 40 անգամ բեռնատարները դեպի նախատեսված վայր են տեղափոխում կուտակված ծառարմատներ եւ ճյուղեր, որոնց տնօրինմամբ զբաղվում է «Սեւան» ազգային պարկը:
Մաքրման աշխատանքներն ընթանում են ծովի մակարդակից 1901,5 մետր բարձրության նիշի վրա, որտեղ արդեն ջուրը ստորգետնյա ճանապարհով հասել է ծառարմատներին եւ չորացրել հատկապես սոճուտները, որոնք այժմ հատվում են որպես վառելափայտ կամ շինափայտ: Հունիսի 16-ի դրությամբ ծառերից ու արմատներից 6 հեկտար մաքրվել է ցամաքում, մոտ 10 հեկտար՝ ջրում:
Խոսրով Խլղաթյան