Համայնքների խոշորացումը՝ նոր մարտահրավերների պատճառ
AnalysisԱյն, որ համայնքների խոշորացման հետևանքով կարող են փոքր համայնքները դատարկվելու վտանգին բախվել, չեն ժխտում նաև համայնքների խոշորացմամբ զբաղվող նախագծի հեղինակները: Նրանց կարծիքով, սակայն, հիմնական նպատակը տեղական կառավարումն առավել արդյունավետ դարձնելն ու պետբյուջեից յուրաքանչյուր համայնքին տրամադրվող գումարները ոչ թե աշխատավարձի ձևով երեք-չորս հոգուն վճարելու վրա ծախսելն է, այլ այդ գումարները համայնքի խնդիրները լուծելու նպատակ է հետապնդում:
Առաջին հայացքից նպատակն անշուշտ անկեղծ է, բայց թե դա իրականում որքանով կնպաստի համայնքների ուժեղացմանը, ցույց կտա ժամանակը: Սակայն անզեն աչքով էլ երևում է, որ վարչատարածքային նոր վերաբաժանման արդյունքում վարչական կենտրոնից հեռու գտնվող գյուղերը հայտնվելու են, այսպես ասած, աղքատ բարեկամի կարգավիճակում, իսկ նրանց խնդիրները դառնալու են հոգս վարչական կենտրոնի ղեկավարության համար: Ու դժվար թե որևէ նորաստեղծ ընտանիք գերադասի իր տարիներն անցկացնել նոր համակարգի արդյունքում առաջացած կնճիռները հարթելու վրա, փոխարենը, իր ընտանիքի շահերից դրդված, պետք է ստիպված լինի տեղափոխվել ավելի հարմարավետ բնակավայր:
Այսինքն, առաջին տեսանելի փոփոխությունը, որին կարող ենք մոտ ապագայում ականատես լինել, համայնքների բնակիչների վերադասավորումը կամ ներքին միգրացիան կլինի, իսկ թե դրանից հետո ինչ նոր մարտահրավերների առջև կկանգնենք, գուշակելու կարիք անգամ չկա:
Գյուղացու ապրելու համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելը, ենթակառուցվածքների վրա գումարներ ծախսելը նույնպես կարող է դառնալ ոչ նպատակային, քանի որ դրանցից օգտվողների թիվը շեշտակի կնվազի: Եվ կարող է նույնիսկ այնպես ստացվել, որ, օրինակ՝ ջրամատակարարում ապահովելու համար ծախսվող գումարն ավելի շատ լինի, քան դրանից օգտվողների կողմից հավաքագրված վարձավճարները, ինչի հետևանքով շահավետ կառավարման տեսանկյունից անարդյունավետ դառնա հեռավոր գյուղերի ջրամատակարարման, գազաֆիկացման կամ էլեկտրաէներգիա մատարակարելու աշխատանքների կազմակերպումը: Արդյունքում՝ վարչական կենտրոններին մոտ գտնվող համայնքները կսկսեն ավելի արագ զարգանալ, իսկ ավելի հեռավորները կշարունակեն մնալ ցեխի ու խավարի մեջ:
Համայնքի անհամաչափ զարգացման վառ օրինակ է մայրաքաղաքը: Չնայած վերջին տարիներին փորձ է արվում լուծել նաև մայրաքաղաքի ծայրամասերի խնդիրները նույնպես, բայց համաձայնեք, որ մինչ հերթը հասնում է մայրաքաղաքի ծայրամասերում առկա խնդիրները լուծելուն, տարիներ են անցնում:
Պարզ է, որ նույն պատկերը կլինի նաև համայնքների խոշորացման դեպքում, և տեղական ինքնակառավարում ասվածը նոր մարտահրավերների առջև կկանգնեցնի թույլ և փոքր համայնքներին: Ու չնայած սա քաղաքական որոշում է, որի հիմնական նպատակը պետբյուջեի հատկացումներն առավել արդյունավետ ծախսելն է, սակայն առաջին հայացքից սպասվող մարտահրավերներն առավել մեծ ու անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ, քան այս պահին կարելի է կանխատեսել:
Արմինե Գրիգորյան