Համաշխարհային ֆիլատելիստական մրցույթում Հայկական նամականիշերը գրավել են երկրորդ տեղը
Society«Նյու Յորք-2016» Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային Փոստային Միության հովանու ներքո կազմակերպվել էր ֆիլատելիստական մրցույթ, որին Հայփոստի ներկայացրած 2013, 2014 և 2015թթ. հայկական նամականիշերի հավաքածուն գրավել է երկրորդ տեղը: Այս մասին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:
Հավաքածուն բաղկացած է 29 նամականիշերից և գեղաթերթիկներից, որոնք նվիրված են հայ մշակույթին, պատմությանը, Հայաստանի բնությանը և այլն:
Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում «Հայփոստի» ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների մեջ:
Առանձնահատուկ ուշադրության են արժանացել Հռոմի Պապին նվիրված նամականիշերի և գեղաթերթիկների էսքիզները, որոնք նախագծվել և մշակվել են «Հայփոստի» մասնագետների կողմից: Ի դեպ դրանք արդեն տպագրված են և հանդիսավոր պայմաններում կմարվեն Հռոմի Պապի հայաստանյան այցի օրերին:
Ցուցահանդեսին մասնակցեցին տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: «Հայփոստն» առաջին անգամ մասնակցեց նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի դարձրեց Հայաստանը:
Միջոցառման ընթացքում Հայփոստը մարեց երկու գեղաթերթիկ՝ նվիրված «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին և «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին: