«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները հացադուլ կանեն
SocietyՎոլոդյա Ավետիսյանը կնոջ միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչություն է ներկայացրել իր և այլ ազատազրկված անձանց կողմից գրված բաց նամակը՝ ուղղված իրավասու պետական մարմիններին, մի խումբ պատգամավորների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Նամակում ասված է հետևյալը.
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին՝ պր. Կոստանյանին
Արդարադատության նախարարին՝ Ա. Հովհաննիսյանին
Մարդու իրավունքների պաշտպանին՝ պր. Թաթոյանին
Պատգամավորներ Էլինար Վարդանյանին, Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին
պրն. Սաքունցին
Հարգելի պարոնայք, եթե Ձեզ հարցնեն ՀՀ-ում օրենքը գործում է թե ոչ, Դուք կպատասխանեք՝ իհարկե գործում է: Իսկ եթե մենք չհամաձայնվենք Ձեր հետ, դուք ի՞նչ կպատասխանեք: Դուք կպատասխանեք,-«Եթե այդպիսի դեպք կա, որ դիմել եք և չի գործում, ապա ապացուցեք, մենք էլ օրենքը գործի կդնենք»:
Ահա թե ինչ է տեղի ունեցել…. Խոսքը վերաբերվում է կենկրետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին, մասնավորապես՝ 2015 թ. հոկտեմբեր ամսին մի խումբ կալանավորներ անժամկետ հացադուլ հայտարարեցին, քանի որ չէր գործում վաղաժամ արձակումը, բաց ռեժիմը և մի շարք այլ կետեր:
ՔԿՀ եկան մի խումբ պաշտոնյաներ և պատգամավորներ, նրանց մեջ էին գլխավոր դատախազության ներկայացուցիչը, արդարադատության նախարարությունից, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, ՔԿՀ-ի վարչության պետի տեղակալը, մի խոսքով՝ լուրջ պատվիրակություն: Նրանք խոստացան, որ օրենքի գործելու մասին փաստը մեզ շուտով ցույց կտան:
Այցից անցել է 10 ամիս, տեղի են ունեցել բազմաթիվ Ազգային ժողովի նիստեր, սակայն խոստացված այդ օրենքի գործելու մասին՝ ոչ մի պատասխան:
Մենք «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներս գիտենք, որ դատարանը մեզ զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, ոչ թե մտածելու, օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքից:
Մենք խնդրանքով դիմում ենք Ձեզ բաց նամակի տեսքով, որ հրավիրենք Ձեր ուշադրությունը, որպեսզի օրենքով սահմանված կարգով գործի օրենքը, քանզի ոտնահարվում են մեր իրավունքները: Մեր հաջորդ քայլը լինելու է հացադուլը, որը մեզ էլ ցանկալի չէ:
Մենք գիտենք, որ կալանավորների կյանքը ձեր համար արժեք չունի, բայց ստիպված դիմելու ենք այդ ծայրահեղ քայլին, որպեսզի Ձեր ուշադրությունը սևեռենք մեր խնդիրների վրա:
Խնդրում ենք արձագանքել մեր նամակին: Հարգանքներով և հույսով սպասում ենք ձեր միջամտությանը, որպեսզի եղած օրենքը գործի: Եվ պահանջում ենք, որ այդ «Անկախ հանձնաժողովը» լուծարվի: