Գեղարքունիքի մարզում մեկ դարը բոլորած 11 տարեց է ապրում
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին հատուկ շնորհավորագրով եւ դրամով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզի 11 տարեցների, ովքեր բոլորել են իրենց կյանքի մեկ դարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հատուկ ուշադրությանն ու դրամակ ան պարգեւին են արժանացել Վարսեր գյուղի բնակիչ, 104 տարեկան Արաքսի Գաբրիելյանը, Դդմաշեն գյուղի բնակիչ, 100 տարեկան Նվարդ Ոսկանյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, 101 տարեկան Ծաղիկ Սաֆարյանը, Մաքենիս գյուղի բնակիչ, 100 տարեկան Շողան Մխիթարյանը, Երանոս գյուղի բնակիչներ, 112 տարեկան Դուրմեն Փինաչյանը եւ 104 տարեկան Բալասան Սիմոնյանը, Մադինա գյուղի բնակիչ, 104 տարեկան Մանյակ Սարգսյանը, Ձորագյուղ համայնքի բնակիչ, 100 տարեկան Շուշիկ Ավետիսյանը, Զոլաքար գյուղի բնակիչ, 100 տարեկան Խանում Տոնեյանը, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 102 տարեկան Վարդանուշ Ոսկանյանը եւ Դպրաբակ գյուղի բնակիչ, 100 տարեկան Մարգարիտ Տավարածյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներն անձամբ են այցելել ուշադրության արժանացած տարեցներին եւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անունից նրանց հանձնել շնորհավորական բացիկներ ու դրամական պարգեւ:
Գեղարքունիքի մարզում գրանցված 238 հազար բնակիչներից ծերության թոշակ են ստանում 25 հազար 228-ը, ովքեր բոլորել են իրենց կյանքի 63-րդ տարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը, տարեցների թիվը Գեղարքունիքում կազմում է ընդհանուր բնակչության 10,6 տոկոսը: Նրանց մոտ 20 տոկոսը, համաձայն նույն աղբյուրի, թոշակի անցնելուց հետո էլ ապրում են աշխատանքային ակտիվ կյանքով, առավելապես' գյուղատնտեսության ոլորտում:
«Մեր լեռնաշխարհի մարդիկ աշխատում են այնքան , քանի դեռ շարժունակ են ու չեն զգում ծերության տարիքը: Թոշակի անցնելուց հետո էլ նրանք շարունակում են արարել իրենց տնտեսություններում' աշխատանքի մեջ գտնելով իրենց բավականությունն ու կազմակերպված, անձանձրալի առօրյան: Գուցե թե հենց սրանում է կայանում շատերի երկարակեցության գաղտնիքը»,- նշեց գործակալության պետը: