Հոսանքի սակագինը ոչ թե իջեցվում է, այլ բարձրացվածը՝ լեգիտիմացվում
AnalysisՏնտեսագետների հաշվարկների համաձայն՝ բնակչությանը տրամադրվող հոսանքի ներկայիս սակագինը հնարավոր էր իջեցնել մինչև 10 դրամով, սակայն ՀԾԿՀ-ի նախաձեռնությամբ ներկայում նախատեսվում է այն իջեցնել ընդամենը 2,58 դրամով: Թե ՀԾԿՀ-ի նման «ոսկերչական» հաշվարկի հիմքում ինչ հիմնավորումներ են ներկայացվել, խոսակցության այլ թեմա է, սակայն փաստը մնում է փաստ, որ սա իրականում ոչ թե հոսանքի սակագինը նվազեցնելու, այլ բարձրացնելու փորձ է:
Իրականում խոսքը ոչ թե բնակիչների կողմից սպառած էլեկտրաէներգիայի դիմաց մի քանի հարյուր դրամ ավել կամ պակաս վճարելու մասին է, այլ իշխանությունների կողմից հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու փորձի, որը կարծես սովորական երևույթ է դարձել:
Գաղտնիք չէ, որ մեկ տարի առաջ իշխանությունները հոսանքի թանկացման մասին խոսելիս նշում էին ՀԷՑ-ի ոչ արդյունավետ մենեջմենթի, կորուստների խնդիրը, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ժողովուրդն ինչ կապ ունի այն «վատ մենեջմենթ» ասվածի ու դրա հետևանքով թույլ տրված սխալներն ուղղելու հետ և ինչու պետք է վատ կառավարվող համակարգի «թերացումների» համար սեփական գրպանից վճարում կատարի:
Հիմա արդեն, երբ կարծես ՀԷՑ-ի նոր սեփականատերը փորձում է շտկել անցյալի սխալները, իշխանությունները լուռ հետևում են, թե երբ է հերթը հասնելու իրենց դռները թակելուն: Սովորական պարզ հաշվարկի արդյունքում կարելի է հասկանալ, որ եթե բազմաբնակարան շենքի երկու սենյականոց բնակարանում ապրող ընտանիքն իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց ամռան ամիսներին մոտ 4000 դրամ է վճարում, ապա մի քանի հարկանի ու տասնյակ սենյակներ ունեցող առանձնատների էլեկտրաէներգիայի ծախսը նույն ամռան ամիսներին ինչքան կարող է կազմել:
Ստացվում է, որ բոլորն այդ «վատ մենեջմենթ» ասվածի թիկունքում թաքնվելով՝ սովորական քաղաքացիներին երկար տարիներ ստիպել են, որ ոչ միայն իրենց, ալև այլոց առանձնատների, բիզնեսների, հիպերմարկետների ու սուպերմարկետների հոսանքի գումարները վճարել և իրենց ուսերի վրա կրել «կորուստներ» ասվածի ողջ բեռը: Իսկ հիմա արդեն, երբ խաղի այլ կանոններ են սահմանվել, իշխանությունները փորձում են «սեփական» նախաձեռնությամբ «լավություն» անել նույն այդ հասարակությանը՝ հոսանքի սակագինը «նվազեցնելով» ընդամենը 2 դրամ 58 լումայով:
Լավատեսներն ասում են՝ կարևորը միտումներն են, բայց իրատեսների կարծիքով սա նորից սովորական թոզ փչել է նույն այն հասարակության աչքերին, ովքեր մեկ տարի առաջ փորձում էին պաշտապանել սեփական իրավունքները: Գուցե սա երկրի քաղաքական իշխող կուսակցության կողմից մտածած հերթական քարոզչական հնարքն է, բայց փաստն այն է, որ հոսանքի սակագինը ոչ թե նվազեցում է, այլ մեկ տարի առաջ բարձրացված սակագնի լեգիտիմացում:
Արմինե Գրիգորյան