Ադրբեջանի ընդհանուր շուկայի շրջանառության նվազումը անցել է 47 տոկոսը
EconomicsԱդրբեջանի ամսական սպառողական շուկայի ծավալը 35 տոկոսով նվազել է, ապրանքային շուկայինը` 31 տոկոսով: Արտասահմանյան արտարժույթով արտահայտած` ամսական ընդհանուր շուկայի շրջանառությունը նվազելով անցել է 47 տոկոսը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով azadliq.info կայքը, facebook-ի իր էջում հայտնում է ադրբեջանցի տնտեսագետ Նեմաթ Ալիեւը` համեմատություն անցկացնելով 2016 թվականի մայիսի եւ 2015 թվականի դեկտեմբերի համապատասխան ցուցանիշների միջեւ:
Նշվում է, որ թանկացման մեծացման, բնակչության գնողունակության անկման հետ թուլանում են ադրբեջանական սպառողական շուկաները եւս:
«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը, հաղորդել է, որ 2016 թվականի վերջին 5 ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը 32 տոկոսով նվազել է:
«Թուրան»-ը նաեւ հաղորդել է, որ 2016 թվականի հինգ ամսում, 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ, Ադրբեջանում 0,3 տոկոսով քիչ արդյունաբերական արտադրանք է արտադրվել, ինչը ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի արդյունաբերական արտադրությունն անկում է ապրում: Հիշյալ ժամանակաշրջանում Ադրբեջանում նավթի արտադրությունը նվազել է 0,7 տոկոսով, բնական գազի արտադրությունը` 9,9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6,8 տոկոսով: Կրճատվել է նաեւ վերամշակող արդյունաբերության որոշ ապրանքների արտադրությունը:
Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրության կառուցվածքում արդյունահանող արդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 64,5 տոկոս, վերամշակող հատվածինը` 28,6 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի եւ գոլորշու արտադրության, բաշխման եւ մատակարարմանը` 6,1 տոկոսով եւ այլն:
Ադրբեջանի Պետվիճկոմի տվյալներով` 2016 թվականի հունվար-մայիսին կաշվի, կոշիկի արտադրությունը կրճատվել է 73,6 տոկոսով, թղթինը եւ ստվարաթղթինը` 6 տոկոսով, պոլիգրաֆիական ապրանքներինը` 7,5 տոկոսով, քիմիական արտադրանքինը` 18,8 տոկոսով, ռետինային եւ պլաստիկ արտադրանքինը` 22,6 տոկոսով, մետաղագործական արտադրանքինը` 9,4 տոկոսով, կահույքինը` 8,3 տոկոսով եւ այլն:
Azadliq.info կայքը հայտնել է, որ Ադրբեջանի բորսայի բաժնետերերի ավանդական տարեկան հավաքում հայտարարվել է, որ Բաքվի ֆոնդային բորսան 2015 թվականը փակել է ընդամենը 36 հազար մանաթ մաքուր շահույթով, կամ 33 տոկոսով քիչ, քան 2014 թվականին, երբ այդ ցուցանիշը կազմել էր 54 հազար մանաթ:
Բաքվի ֆոնդային բորսայի շահույթի նվազումը պայմանավորված է անցյալ տարվա փետրվարին եւ դեկտեմբերին մանաթի գրեթե 100 տոկոսով նվազելու հետեւանքով ֆոնդային շուկայի նկատմամբ հետաքրքրության թուլացումով, ինչպես նաեւ կապիտալի շուկայում Ադրբեջանի պետական կառույցների, այդ թվում` ֆինանսների նախարարության եւ կենտրոնական բանկի մասնակցության դադարեցումով: