Հայաստանը մինչև տարեվերջ ԵՄ-ի հետ կհստակեցնի համագործակցության ոլորտները
Ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ Հայաստանը ԵՄ-ի հետ կհստակեցնի այն ոլորտները, որոնցում շարունակելու է համատեղ աշխատանքը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ, Հայաստանը մինչև տարեվերջ եվրոպացի գործընկերների հետ կանցկացնի որոշակի քննարկումներ, որոնց նպատակն է հստակեցնել այն ոլորտներն ու ուղղությունները, որոնցում կողմերը պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքը: Ըստ փոխնախարարի, դա կհանգեցնի Հայաստան-ԵՄ հետագա աշխատանքի ուղղությունների, ոլորտների, ձևաչափերի հստակեցմանը:
«Կարծում եմ, որ մենք կհաստակեցնենք այն ոլորտներն ու ուղղությունները, որտեղ կշարունակենք մեր աշխատանքները: Կան որոշակի ոլորտներ և ուղղություններ, որտեղ դիտարկում ենք, թե հետագայում ինչպիսի համագործակցության հեռանկար և ձևաչափ է պետք հստակեցնել: Այդ առումով մենք պետք է դիտարկենք մեր պարտավորությունները, եղած հնարավորությունները, մոտեցումները հետագա համագործակցության հարցի շուրջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գարեգին Մելքոնյանը:
Հարցին, թե Վիլնյուսյան գագաթնաժողովից շուրջ մեկ տարի անց առաջարկները ներկայացնելը արդյոք պայմանավորվա՞ծ է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հետ կապված գործընթացով, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց, որ ժամկետի առումով անմիջականորեն չէր կապի, բայց ընդհանուր առմամբ այդ ամենը պետք է դիտարկել մեկ միասնական համատեքստում՝ ինչ-որ առումով դիտարկելով նաև տարբեր տեսանկյուններից:
«Բայց նաև նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ի հետ մեր ունեցած աջակցության գործիքները շարունակում են իրականացվել: ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերի մասում վերջին տարվա ընթացքում նույնպես շարունակվել են ծրագրեր, թեև ոլորտների և ուղղությունների նոր շեշտադրումների կարիք կա, որովհետև օրակարգը հստակեցվում և ինչ-որ չափով փոփոխվում է, բայցաջակցության որևէ ծրագիր, գործիք, այնուամենայնիվ, չի ընդհատվել»,- ասաց Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին առավել մանրամասն կներկայացնի քննարկումների արդյունքները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան նշեց, որ հույս ունեն առաջիկա ամիսների ընթացքում բոլոր հարցերը կարգավորել եւ շատ շուտով ներկայացվելիք առաջարկների շուրջ համագործակցել: