Սարուխանում շինարարություն կատարելիս հայտնաբերվել է խմբակային թաղումով դամբարան
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում օրերս ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում շինարարները հայտնաբերել են խմբակային թաղումով մի դամբարան, որտեղից ամենատարբեր տարիքի մարդկանց ոսկորները հողի երես են դուրս եկել հողի շերտը մեխանիզմով քանդելուց հետո:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխան գյուղի բնակիչ, թոշակառու, մանկավարժ և լրագրող Խաչիկ Ենգիբարյանը, դամբարանը գտնվել է գյուղի կենտրոնական հատվածի թաղամասերից մեկում, որտեղով պետք է անցներ ջրատար խողովակը: Թաղված մարդկանց մեջ գտնվել են երեխաների ոսկորներ, որոնցից մեկի ծնոտների վրա ամբողջությամբ պահպանված են եղել ատամները: Գտնվել է նաև միջին տարիքի տղամարդու նկատելիորեն խոշոր գանգ, որը ճեղքված է եղել սրի հարվածով:
Գտնված երկար ազդրոսկրերը փաստում են, որ ժամանակին Սարուխանի տարածքում ապրողները եղել են հսկաներ: Ոսկորները փաթաթվել են պոլիէթիլենային տոպրակի մեջ և ամփոփվել գտնված տեղում: Ոսկորներից նմուշ է վերցվել' հնագետների օգնությամբ դրանց ստույգ ժամանակաշրջանը որոշելու համար: Ենգիբարյանը կարծում է, որ դամբարանի տարածքը հնագիտական լուրջ ուսումնասիրության կարիք ունի: