Հայաստանը պետք է տնտեսապես հզորանա, քաղաքականապես` հասունանա, իսկ հասարակությունը՝ համախմբվի. Ա.Սաֆարյան
InterviewՔաղաքագետ Արամ Սաֆարյանի կարծիքով` հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակը շատ պայթյունավտանգ է, ինչն Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության արդյունքն է:
«Ադրբեջանն է, որ այսօր փորձում է խախտել Հարավային Կովկասում ձևավորված ստատուս քվոն և քայլեր է անում՝ ներքին մղումներից ելնելով: Ադրբեջանում սերմանված հայատյացությունը՝ արմենաֆոբիան, աննախադեպ է: Իրականում, այն սկսել է վտանգ ներկայացնել և սպառնալիք հանդիսանալ, որովհետև մի բան է, երբ թշնամություն է քարոզվում, բայց մեկ այլ բան է, երբ ողջ ազգի մեջ սերմանվում, քարոզվում է այն և խրախուսվում է հայասպանությունը: Ես կարծում եմ, որ սա պետք է լուրջ մտահոգություն առաջացնի նաև աշխարհում, որովհետև դրա հետևանքով իրավիճակը տարածաշրջանում դառնում է անկանխատեսելի, որը պարտավոր է մտահոգել բոլոր նրանց, ովքեր ուզում են Հարավային Կովկասում՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, վարել տնտեսական, քաղաքական, հասարակական և այլ գործունենություն»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սաֆարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ տարածաշրջանային խաղաղության հարցում ռուս-թուրքական ներկայիս լարված հարաբերությունները որոշակի ազդեցություն չեն կարող ունենալ տարածաշրջանային լարվածության ավելացման վրա, քանի որ Հայաստան-Թուրքիա սահմանը հուսալիորեն պաշտպանված է շնորհիվ հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, ինչպես նաև հայ-ռուսական համատեղ ուժերով անվտանգ պահպանվող Հայաստան-Թուրքիա սահմանի:
«Համակարգն անհամեմատ ավելի խոցելի կլիներ, եթե ռուսական այդ ուժերը գոյություն չունենային: Եվ սրանք են, որ մեզ հնարավորություն են տալիս հանգիստ շունչ քաշել և կենտրոնանալ Արցախի ուղղությամբ անդորրը պահպանելու վրա: Կարծում եմ, որ մենք պետք է տնտեսապես հզորանանք, քաղաքականապես՝ հասունանանք, հասարակությունը պետք է համախմբվի և միայն այդպիսի պայմաններում մեր դժվարին, անկանխատեսելի և լարված տարածաշրջանում կարողանանք անվտանգ դարձնել Հայաստանի Հանրապետության ապագան»,- ասաց քաղաքագետը:
Արմինե Գրիգորյան