Արթիկ քաղաքին հասցված վնասի չափը պարզ կլինի առաջիկա օրերին
SocietyՀորդառատ անձրևի ժամանակ սելավատարերի խցանման հետևանքով Շիրակի մարզի Արթիկ քաղաքին հասցված վնասի չափը պարզ կլինի առաջիկա օրերին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցԱրթիկի քաղաքապետի խորհրդականՄելսիդա Կիկոյանը, ստեղծված համապատասխան հանձնաժողովը տուն առ տուն իրականացնում է գույքագրում:

«Կորուստների հաշվառման աշխատանքները շարունակվում են և ավարտվելուց հետո կտրվեն նախնական գնահատականներ: Գրանցվում են տների, անասնագոմերի, այգիների վնասները, ամեն ինչ: Մի քանի տուն սարսափելի վիճակում են, կան տներ, որոնք հնարավոր է վերականգնել, հիմնականում նկուղային հատվածում է ջուր լցվել: Ընտանիքներին առաջակվել է աջակցություն, բաց շատերը նախընտրել են իրենց բարեկամների տանը մնալ: Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և' մարդկային ուժով, և' ֆինանսապես»,-ասաց Մելսիդա Կիկոյանը: Նրա խոսքով, զգալի վնասվել են այգիները, այդ տարածքների մի մասոմ տիղմ ու ավազ է կուտակվել, մարդիկ չեն կարող այդ հողը մշակել, իսկ այգիները նրանց ապրուստն են եղել, կտրվել է աշխատավորների եկամտի աղբյուրը:

Բնակելի տներից բացի, զգալի վնաս են կրել ենթակառուցածքները: Սելավը տարել է խոշոր հողաշերտ, արդյունքում` էլեկտրասյուների հիմքերը մերկացել են, դրանք մնացել են օդի մեջ: Հեղեղից խարխլվել են կամուրջները, առանձին հատվածներում շարքից դուրս են եկել սելավատարերը, դրանք նույնպես վերանորոգման կարիք ունեն: Մելսիդա Կիկոյանի խոսքով, մյուս խնդիրը վերաբերում է ճանապարհներին, ջուրն առանձին տեղերում ճանապարհներից դուրս գալու հնարավորություն չի ունեցել, և առանձին հատվածներում փողոցները զգալի վնասվել են:

Կա խնդիր՝ կապված թիվ 2 դպրոցի և թիվ 2 նախակրթարանի հետ: Նախակրթարանի առաջին հարկն ամբողջությամբ ջրածածկ է եղել, բակը լցվել է քարերով ու ջրով: Թիվ երկու դպրոցի մարզահրապարակն ամբողջությամբ ջրածածկ է եղել և այնտեղ մեծակտոր քարեր են լցվել: Պետք է մաքրման և հրապարակի վերականգնման աշխատանքներ իրականացվեն: 
Արթիկին պատուհասած աղետի հետևանքների արագ վերացման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է աջակցություն: Քաղաքապետարանը կոչ է անում աջակցել, դրամական փոխանցումներ կարող են իրականացվել «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվերամարներին` 220353350089000 AMD, 220353350014001 USD, 220353350014958 RUR կամ առցանց եղանակով (on-line) հիմնադրամի www.fda.am կայքում: Արդեն արձագանքներ կան թե ֆինանսական, թե աշխատուժի, թե ավտոմեքենաներ տրամադրելու վերաբերյալ:
Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները: