Հռոմի պապի այցը ե´ւ դիվանագիտություն էր, ե´ւ քրիստոնեական քայլ
SocietyԱյսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հյուրեր Մերուժան Տեր-Գուլանյանը, Նիկոլայ Ծատուրյանը և Դավիթ Գյուրջինյանն անդրադարձան Հռումի պապի՝ Հայաստան կատարած այցին: «Մենք, մեր ժողովուրդը հազար տարի սպասում էինք, որ մի օր քաղաքակրթության որեւէ կենտրոնից հնչի Նարեկացու անունը: Մենք 100 տարի սպասում էինք, որ նման երեւելի կենտրոնից կհնչի այն, որ 1915 թվականին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանություն էր, դա արեց Հռոմի պապը, ով ունի մարդկային շատ բարձր նկարագիր: Ով նրան ուշադիր չի լսել, չգիտի, որ նա իր խոսքում երկու անգամ օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը ու դրանով պնդեց այն, ինչ ասել էր: Ինձ համար երեւելի էր նրա խոսքը, որ Նարեկացին մեր հոգեւոր Սահմանադրություն գրողն է: Նա նաեւ նշեց, որ մարդկությունը մեր ազգի կարիքն ունի: Գիտակցաբար, թե տեսիլքով Հռոմի պապը բացեց Աստծո գաղտնի միտքը: Սա դարակազմիկ այց էր»,- նկատեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Դավիթ Գյուրջինյանն էլ իր խոսքում նշեց, որ սրբազան քահանայապետի քայլերը պարզ ու շատ մարդկային էին: «Ամենը պարզ ու մարդկային քայլեր էին՝ զորակցել կարիքավորին, վշտակցել հիվանդին, աջակցել աղքատին, խնդակցել մանկանը, դրանք մարդկային ուղերձներ են, որոնք հասարակությունը որսաց: Նա գնաց, սակայն Հայաստանում թողեց իր բարության ու հույսի նշույլը, հետքը: Այն մարդիկ, որոնք չեն փոխվել, չեն էլ փոխվելու, իսկ ով զգաց այդ լույսը, կփոխվի: Մենք զուրկ չենք եղել լուսավոր ծիլերից, մեր եկեղեցին միշտ է դա քարոզել: Այս այցը կարեւոր է ավելի բարի դառնալու համար»,- ասաց նա:
Նիկոլայ Ծատուրյանն էլ նկատեց, որ ողջ հայ ազգը հպարտություն զգաց Հռոմի պապի այցից. «Սա բարոյականության դաս էր մեր ազգին, եթե մենք հասկանանք ու ընկալենք, ամեն ինչ լավ կլինի: Նա ասաց, որ մենք պետք է մեկ բռունցք դառնանք, սա շատ կարեւոր մեսիջ էր աշխարհի համար: Այս այցը ե´ւ դիվանագիտություն է, ե´ւ քրիստոնեական քայլ: Այս այցը շատ կոնկրետ ֆունկցիա ուներ»:
Սոսե Չանդոյան