Լեհաստանի Վրոցլավ քաղաքն ընդունել է Լվովի հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդեսը
CultureԼեհաստանի Վրոցլավ քաղաքի ճարտարապետության թանգարանում հունիսի 23-ին տեղի է ունեցել «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:
Այս մասին տեղեկացրին Լեհաստանում ՀՀ դեսպանու թյունից, որի հաղորդագրության մեջ նշված է. Միջոցառմանը մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկևիչը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան: Արարողությանը մասնակցում էին նաև մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում` Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի խորհրդի անդամ, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Անժեյ Ռոտերմունդը, Վրոցլավի հեղինակավոր գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է այցելել 2016 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վրոցլավ` մասնակցելու հայկական մշակույթի բացառիկ գլուխգործոցներից մեկի, հայ-լեհական քրիստոնեական արժեքների վրա խարսխված պատմական մշակութային ժառանգության վառ օրինակ հանդիսացող` Լվովի հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդեսին: Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի և Լեհաստանի իշխանություններին, մշակութային կենտրոններին` Լվովի հայկական եկեղեցու հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, վերջին տարիներին նրանց ջանքերով և ֆինանսական աջակցությամբ իրականացված հսկայածավալ վերականգնողական աշխատանքների իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքները ներկայացնող ցուցահանդեսի նախաձեռնության և կազմակերպման համար:
Վրոցլավում ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 4-ը, որից հետո այն կներկայացվի նաև Լեհաստանի այլ քաղաքներում»: