Դեսպան Ղարիբջանյանը հանդիպել է Շարժայի Էմիրության կառավարչի հետ
SocietyԱրաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հունիսի 23-ին հանդիպում է ունեցել Շարժայի Էմիրության կառավարիչ դոկտոր շեյխ Սուլթան բին Մոհամադ ալ Կասիմիի հետ և անդրադարձել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների անցկացման կարևորությունը բազմաոլորտ փոխգործակցության խթանման գործում:
Անդրադառնալով Հայաստանի և Շարժայի Էմիրության միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին՝ Շեյխ Կասիմին վերահաստատել է Էմիրությունների պատրաստակամությունը կյանքի կոչելու այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը դեսպան Ղարիբջանյանը էմիր Կասիմիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ողջույնները:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ շեյխ Կասիմին բարձր է գնահատել հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման դինամիկան: