«Ազատության» թղթակից Իսմայիլովային Ադրբեջանից դուրս չեն թողել
SocietyԲաքվի Բինագադիի շրջանի դատարանը որոշել է վերջերս բանտից 5 տարի ժամկետով պայմանական ազատված «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովային թույլ չտալ 15 օրով դուրս գալ Ադրբեջանից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, Իսմայիլովան ԵԱՀԿ ԽՎ-ի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Իզաբելա Սանթոսի եւ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի կողմից հրավիրված էր հուլիսի 1-7-ին մասնակցելու Թբիլիսիում անցկացվելիք միջազգային միջոցառմանը:
Բացի այդ, լրագրողը ցանկանում էր ուղեկցել իր մորը սրտի վիրահատությունից հետո Անկարայում բժշկական քննություն անցնելու համար:
Խադիջա Իսմայիլովան պաշտպանում է պայմանական պատժի ռեժիմը եւ սահմանված կարգով ժամանակին գրանցվում է դատական կատարման մարմիններում: Սակայն, դատական կատարման մարմինների ներկայացուցիչներ Ջավադ Մամեդյարովը եւ դատախազ Սվետլանա Իսմայիլովան դեմ են հանդես եկել լրագրողի դիմումի բավարարմանը:
Ջավադ Մամեդյարովը նշել է, որ Խադիջա Իսմայիլովայի դատավճիռն ի կատար ածելը նոր է սկսվել, իսկ դատախազը նշել է, որ բժշկական քննություն կարելի է անցնել նաեւ Ադրբեջանում:
Դատարանի անհեթեթ որոշման առնչությամբ Խադիջա Իսմայիլովան հեգնանքով նկատել է, որ Ադրբեջանում կարող են վիրահատել ոչ այն արյունատար անոթը` նկատի ունենալով օրերս Բաքվի հիվանդանոցներից մեկում բժշկի կողմից տարեց կնոջ հիվանդ ոտքի փոխարեն առողջ ոտքն անդամահատելու փաստը:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով, եւ հետո «խոշոր չափերի յուրացում եւ զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներով դատապարտվել 7,5 տարվա ազատազրկության:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Նա հեղինակ է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը:
Բանտում գտնվելու ժամանակահատվածում Խադիջա Իսմայիլովան արժանացել է Գյոթեբորգի Handels-och-Sjofarstidning (GHT) լիբերալ թերթի «Holme տարվա հերոս», միջազգային հեղինակավոր Alison Des Forges, ԱՄՆ-ի Ազգային մամուլի ակումբի Մամուլի ազատության, միջազգային «PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն», IRE-ի Tom Renner, UNESCO-ի 2016 թվականի Guillermo Cano Համաշխարհային մամուլի ազատության եւ Շվեդիայի ազգային մամուլի ակումբի «Աննա Պոլիտկովսկայա խոսքի ազատություն» պարգեւներին:
Foreign Policy հանդեսը Ադրբեջանում շինծու մեղադրանքներով եւ քաղաքական դրդապատճառներով դատապարտված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային մտցրել է 100 համաշխարհային գլխավոր մտածողների ցուցակ:
Amnesty International-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ նրան ճանաչել են «խղճի դատապարտյալ»: