Իշխանությունները, դարան մտած, սպասում են փող մուրալու հերթական «առիթին»
AnalysisՊաշտոնական տվյալների համաձայն` Գյումրիից 27 կմ հարավ-արևելք և Երևանից 106 կմ հեռավորության վրա գտնվող Արթիկի վարչական տարածքը կազմում է 3278 հեկտար, իսկ քաղաքի կառուցապատված մակերեսը` 700 հեկտար: Արթիկի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 19760 է:
Պարզ թվաբանական հաշվարկով՝ 1 հեկտարը 0,01 քառակուսի կիլոմետր է կազմում, այսինքն՝ Արթիկի դեպքում 700 հեկտարը հավասար է ընդամենը 7 քառակուսի կիլոմետրի: Համադրելով եղածը՝ նկատենք, որ Արթիկ քաղաքի կառուցապատված մակերեսը կազմում է ընդամենը 7 քառակուսի կիլոմետր, որին, պարզվում է, այդքան էլ հեշտ չէ տիրություն անելը:
Հունիսի 24-ին սարերից իջած ջուրը մի քանի ժամում սրբեց-տարավ ամեն ինչ՝ քաոսային իրավիճակ առաջացնելով Արթիկում: Վնասվեցին քաղաքային ենթակառուցվածքները, տները, անասնագոմերը: Մարդիկ հայտնվեցին փողոցում: Հիմա արդեն մարդկանց կրած վնասներն են հաշվում, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու է սելավատարը փակ եղել, ինչու ժամանակին չի մաքրվել և ով պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվի:
Ուշագրավ մեկ փաստ ևս: Պարզվում է՝ Արթիկի քաղաքային համայնքը ձեռքը ծալած չի նստել և բավական մանրակրկիտ ձևով փորձել է տեղի բնակիչներին իրազեկել, թե հեղեղումների դեպքում ինչ պետք է անել: Բնակչության կողմից կատարվելիք բոլոր քայլերի մասին նույնիսկ հուշաթերթ կա Արթիկի քաղաքային համայնքի պաշտոնական կայքում: Բայց արի ու տես, որ այդ հուշաթերթը ոչ միայն պետք չեկավ բնակիչներին, այլև այնտեղ որևէ հուշում չկա, թե տեղի ղեկավարներն ինչ պետք է անեն, որ քաղաքի կառուցապատված 7 քառակուսի կիլոմետրն անվտանգ դարձնեն բնակիչների համար:
Նորմալ երկրներում նման դեպքերում քրեական գործ կհարուցվեր և մեղավորները պատասխանատվության կենթարկվեին, սակայն մեր դեպքում վարչապետով, տարածքային կառավարման ու զարգացման նախարարով և այլ պաշտոնյաներով, հաշտ ու համերաշխ, մի սեղանի շուրջ նստած, որոշում են, թե ինչ անեն, որ բնության հասցրած հերթական «անակնկալից» մի կերպ ազատվեն, այսինքն՝ սվաղեն ու կրկին «առաջ» շարժվեն:
Հարց է ծագում, թե այս տարիների ընթացքում քաղաքային իշխանություններն ինչո՞վ էին զբաղված, միայն պետբյուջեի փողերը մսխելո՞վ ու աթոռ մաշեցնելո՞վ: Հիմա էլ բնության ապտակից «անակնկալի» եկած կոչ են անում հայերին ու հայրենակիցներին օգնության ձեռք մեկնել ու բացված հաշվեհամարներին գումար փոխանցել:
Ստացվում է, որ իշխանությունները դարան մտած սպասում են, թե որտեղից ինչ աղետ կպատուհասի, որ միանգամից սկսեն փող մուրալ, այսինքն՝ «աղետների ռիսկերի կառավարում» ասվածը շատերի համար ոչ թե զգոնության, այլ փող հավաքելու լավ առիթ է: Ժամանակին իրենց չարածի հետևանքները վերացնելու համար սեփական գրպանները դատարկելու փոխարեն հերթական փող մուրալու SOS ազդանշանային համակարգն են գործի դնում՝ առանց իրենց հաշիվ տալու, թե ժողովուրդն ինչու պետք է գումար հանգանակի այս կամ այն տեղական կամ համայնքային խնդիրը լուծելու համար:
Արմինե Գրիգորյան