ՀՕՊ համաձայնագրի վավերացումը նպաստելու է ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը. Կորյուն Նահապետյան
PoliticsԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, խոսելով ՀՕՊ համաձայնագրի վավերացման մասին, նշեց, որ այն պետք է վավերացնել, քանի որ համաձայնագրի վավերացումը նպաստում է ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը: «Այն հզորացնելու է մեր հակաօդային պաշտպանության համակարգը»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով համաձայնագրի շուրջ տարբեր խոսակցություններին ու քննադատություններին՝ պարոն Նահապետյանը նշեց, որ կան անձինք, ովքեր ընդամենը երեք բառ են ընտրում համաձայնագրի տեքստից եւ փորձում մոլորության մեջ գցել հանրությանը:
«Նման վարքագիծը ես համարում եմ անթույլատրելի, մանավանդ այն պատգամավորների կողմից, ովքեր ունեն գիտակցության բավարար մակարդակ ե՛ ւ կարդալու, ե՛ ւ ընկալելու, ե՛ ւ ճիշտ հասկանալու խնդիրը»,- ասաց պատգամավորը:
Այն հարցին, թե ինչպես կազդի ՀՕՊ համաձայնագիրը ԼՂՀ-ի անվտանգության վրա, Կորյուն Նահապետյանն ասաց. «ՀՀ զինված ուժերը ԼՂՀ անվտանգության երաշխավորն են: Զինված ուժերի կարեւոր բաղադրիչն է նաեւ հակաօդային պաշտպանության համակարգը: ՀՀ հակաօդային պաշտպանության համակարգը նաեւ երաշխավորում է ԼՂՀ օդային տարածքի պաշտպանությունը: Այլ բան է, որ միավորված համակարգ ձեւավորելով մենք ընդլայնում ենք մեր կարողությունները, եւ համաձայնագրում շատ հստակ գրված է, թե ագրեսիայի ժամանակ, պատերազմական իրավիճակում ինչպիսի գործողություններ պետք է կատարեն համապատասխան կողմերը: Այստեղ ոչ միայն նշված են պարտականությունները, այլ նաեւ իրավունքները, պարզապես պետք է կարդալ համաձայնագիրը»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ մենք այսօր ունենք հակաօդային պաշտպանության համակարգ, բնականաբար, այն արդիականացնելու, կատարելագործելու խնդիր ունենք: «Անկախ նրանից` մենք այս համաձայնագիրը կվավերացնենք, թե ոչ, միեւնույն է, մեր՝ ինքնուրույն գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության համակարգը զարգացնելու խնդիր ունենք: Ե’վ զինված, եւ’ ռազմական տեխնիկայի զարգացման պլաններում այս ուղղությունը նախատեսված է: Մենք այսօր էլ իրականացնում ենք գործողություններ հակաօդային պաշտպանության համակարգում, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցների նորոգման, արդիականացման ուղղությամբ, ունենք դրա համար համապատասխան ընկերություն, որը բավական ակտիվ գործունեություն է իրականացնում»,- շեշտեց պատգամավորը: