Արթիկի ջրհեղեղը և «սելավատար» քաղաքապետի սելֆիները՝ աղետի ֆոնի վրա
SocietyԻնչպես հայտնի է, հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով քաղաքի փողոցները եւ տները պատվել են տասնյակ տոննա քարերի և տիղմի շերտով, կան հիմնովին վնասված տներ, մի քանիսն էլ փլուզման ենթակա են:
Աղետից արդեն անցել է մի քանի օր, և մինչ օրս ոչ մի աջակցություն չի ցուցաբերվել տուժած ընտանիքներին, որոնց մի մասը չունեն օթևանելու տեղ, սնունդ և հագուստ: Քաղաքապետն էլ կոնկրետ միջոցներ չի ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ հեղեղի պատճառը ոչ միայն կարկուտն ու հորդառատ անձրևն են եղել, այլ նաև հեղեղատարների վրա կառուցված ոչ օրինական շինություններն ու ձկնաբուծարաները, որոնց փլուզված ավազանների հսկայական ծավալի ջուրը, լցվելով հեղեղատարները, քաղաքում ստեղծել է աղետալի իրավիճակ:
Չգիտես ինչու, մինչև հիմա պատկան մարմինները չեն խոսում այս մասին, չեն զբաղվում այս հարցով, իրավապահ մարմինները միջոցներ չեն ձեռնարկում իսկական մեղավորներին պատժելու համար: Տուժած արթիկցիներն էլ, հույսները կորցրած, չգիտեն ինչ անեն, իսկ քաղաքապետն էլ շարունակում է իրեն PR և սելֆիներ անել ջրհեղեղից առաջացած քարակույտերի մոտ: