Երկրապահի կառույցներ գործում են նաեւ արտերկրում
SocietyԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հյուրերն էին ԵԿՄ ԱՄՆ-ի կառույցի ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում է ԵԿՄ պաշտոնական կայքը, նա շնորհակալություն հայտնեց հյուրերին օտար ափերում հայապահպանությանը նպաստելու, նաեւ` այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծին օգնություն ցուցաբերելու կապակցությամբ:
«ԵԿՄ ԱՄՆ-ի կառույցի անդամների և ինձ համար մեծ պատիվ էր այսօր լինել այստեղ: ԵԿՄ-ն ի սկզբանե եղել և շարունակելու է թև ու թիկունք լինել մեր բանակին»,- նշեց ԵԿՄ ամերիկյան կառույցի ներկայացուցիչ Հակոբ Թաշյանը և ավելացրեց, որ թեև ապրում են օվկիանոսից այն կողմ, բայց ողջ հոգով սահմանին կանգնած զինվորի կողքին են:
ԵԿՄ ԱՄՆ-ի ներկայացուցչության ղեկավար Սամվել Ֆրանկլյանն էլ հավաստիացրեց, որ ԱՄՆ-ի երկրապահական կառույցը միշտ եւ ցանկացած հարցում աջակցում է հայրենիքին` շնորհակալություն հայտնելով Զորավարին թե´ 1989-94-ի Արցախյան պատերազմում ունեցած կարեւոր մասնակցության, թե´ այսօրվա գործունեության համար։