Կառավարության շենքի դիմաց այսօր ևս մարդաշատ էր` «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքին դեմ բողոքող փոքր և միջին ձեռնարկատերերը բացատրություն են պահանջում հարկային մարմիններից ու պահանջում ետ կանչել օրենքը: Անհատ ձեոներեցներից մեկը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենքի հեղինակներն ու ընդունողները գաղափար չունեն հայկական շուկայական հարաբերությունների մասին: Նա նաև նշեց, որ մեկ կամ երկու օր փողոց դուրս գալով Հայաստանում երբեք որևէ հարց չի լուծվել, միաժամանակ շեշտեց, որ վճռական են տրամադրված. «Պետք լինի ամիսներով էլ կպայքարենք: Օրվա հացի խնդիր կա»: Հարցին,թե ինչպիսի՞ն են հայկական շուկայական հարաբերությունները, որ օրենսդիր ու գործադիր մարմինները ՓՄՁ ներկայացուցիչներին չեն հասկանում, ձեռներեցը պատասխանեց. «Գոյություն ունեն «բիրիքնոցներ», որտեղից ես պետք է իմ ապրանքը սպառելուց հետո հայթայթեմ: Բոլորիս վիճակը նույնն է. դիմում ենք միջին ձեռնարկատիրոջը, ասում ենք, որ փող չունենք, բայց ապրանքը վերցնում ենք պարտքով: Քանի որ երկար տարիներ աշխատում ես, արդեն վստահություն ես ձեռք բերում: Առանց փողի, պարտքով ապրանքը վերցնում ենք, իսկ եթե ես մարդուն փող չեմ տալիս, այդ մարդն էլ չի կարող ինձ կտրոն տալ: Փող չունեմ, չեմ տվել, ո՞նց տա կտրոն: Դա էլ մի հարց, որ հարկայինին չի հետաքրքրում: Եթե փող չեմ տալիս, ինքը ինձ ինչո՞ւ պիտի փաստաթուղթ տա: Ինձ տալիս է մեկ կամ ամիս ու կես ժամանակ, որ ապրանքը վաճառեմ ու պարտքս վերադարձնեմ: Բայց լինում է, որ այդ ապրանքի 80 տոկոսը չի յուրացվում ու հետ եմ վերադարձնում: Եթե այդ մարդը ինձ կտրոն տա, ես իրեն փող չտամ, հետո էլ ապրանքը չվաճառվի` հետ տանեմ, այդ հարցը ո՞նց ենք լուծելու: Թող հարկայինն ինձ բացատրություն տա»:
Նշենք, որ ըստ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի` շրջանառության հարկի դրույքաչափը 3,5%-ից դառնում է 1%, փոխարենը ՓՄՁ-ները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն համապատասխան մարմիններին: