Հակոբ Ինջիղուլյանի վերադարձով մերկացվեց ադրբեջանական հետամնաց սուտը
Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված, իսկ ժամեր առաջ Հայաստան ժամանած Հակոբ Ինջիղուլյանի քայլն ապացուցեց, որ նա որևէ ցանկություն չի ունեցել սեփական կամքով սահմանն անցնելու ու հայտնվելու ադրբեջանական կողմում: Նման տեսակետ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Հակոբի քայլն օրինակելի է, նա ապացուցեց, որ իրապես որևէ ցանկություն էլ չի ունեցել սեփական կամքով սահմանն անցնելու: Այն ամենը, որ ժամանակին ասվել է Ադրբեջանի պաշտոնական անձնանց կողմից, այնպիսի սուտ է, որ չունի հավասարը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով' իրենք ուսումնասիրում են նաև նմանատիպ իրավիճակների այլ երկրների փորձը ու գրեթե նման քարոզչության չեն հանդիպում: «Ամենահետամնաց տեխնոլոգիաներն են օգտագործում Ադրբեջանում»,- ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:
Իսկ հարցին ի պատասխան՝ հնարավոր է, արդյոք, Հակոբ Ինջիղուլյանի տված վկայությունների հիման վրա պատասխանատվության կանչել Ադրբեջանին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Մենք չենք կարող ոչինչ անել, մենք Կարեն Պետրոսյանի հարցով համաշխարհային մակարդակով ճնշում գործադրեցինք, բայց իրենք չեն կատարում ոչ տարբեր երկրների պահանջը, ոչ էլ անգամ ՄԻԵԴ-ի պահանջը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հայենադարձված Հակոբ Ինջիղուլյանի հետ տարվելիք աշխատանքին, Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ անդամները գնում են Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման: «Նա այսօր այցելելու է հիվանադանոց, ուր կանցնի բուժզննում: Մինչ այժմ աշխատել ենք ընտանիքի հետ և, անշուշտ, իր հետ էլ աշխատելու ենք»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: