Բարձրագույն կրթության մասին նոր օրենքը համակարգում ապահովելու է արմատական փոփոխություններ
SocietyԲարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը համակարգի բարեփոխումների շրջանակներում ենթադրում է արմատական փոփոխությունների իրականացում, այդ թվում՝ նախարարության գործառույթների բեռնաթափում և բուհական ինքնավարության ու վստահության կտրուկ աճ: Նախագիծը ներկայացվեց «ՀՀ բարձրագույն կրթության զարգացում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի համաժողովի ընթացքում: Օրենքի մշակման վրա աշխատել են գերմանացի, լատվիացի և ֆինն փորձագետներ, համալսարանական և ոչ համալսարանական շրջանակաների ներկայացուցիչներ, ովքեր տարբեր համալսարաններում խոսել են տարբեր շահագրգիռ կողմերի հետ և ունեցել բազմաբնույթ քննարկումներ:
Ծրագրի ամփոփիչ համաժողովին ներկա էր ՀՀ գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, ով ասաց, որ ընթացքում քննարկվել են նաև համալսարանների հավատարմագրման և որակի խնդիրները:«Հայաստանյան բուհական համակարգը հստակեցման կարիք ունի, մասնավորապես՝ լիցենզիոն պայմանները, համալսարան, ցանցային համալսարան, հետզոտական համալսարան, ինտիտուտ հասկացությունները, բուհական խորհուրդների գործունեության ու համալսարանի ապաքաղաքականացման գործընթացը»,-մանրամասնեց նախարարը:
Այս օրենքը համապատասխանեցված է Բոլոնյան գործընթացին, որին անդամակցում են 47 երկրներ և առաջնորդվում այս գործընթացի հիմնական դրույթներով: Թվինինգ ծրագրում բարձրագույն կրթության բարեվարքության ծրագրի շրջանակներում աշխատող գերմանացի փորձագետ Ֆոլկեր Գեյմլիհը նշեց, որ թվինինիգ ծրագիրը շատ ոգևորիչ և կարևոր է եղել:
«Կատարված փոփոխությունների շնորհիվ ուսանողները հնարավորություն կստանան սովորել եվրոպական երկրներում, կճանաչվեն համատեղ շնորհված աստիճաները, իսկ հայ գինականները կկարողանան եվրոպացիների հետ համատեղ հետազոտություններ իրականացնել»,- ասաց գերմանացի փորձագետ Ֆոլկեր Գեյմլիհը:
Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագծի մեկական օրինակ տրվել է բոլոր համալսարաններին և ակնկալվում է, որ մինչև հուլիսի 10-ը համալսարանների ղեկավարները հանդես կգան իրենց մեկնաբանություններով և առաջարկություններով, ինչից հետո նախագիծը կվերանայվի և ուղարկվի խորհրդարան: