Վերին Լարսում մնացած 50 հայերի տեղափոխման հարցը դեռ չի լուծվել. Նրանք գիշերում են մեքենաներում
Societynews.am-ը գրում է.
Վերին Լարսում հունիսի 23-ից մնացած 50 հայերի տեղափոխման հարցը դեռ քննարկվում է: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատնից
«Տվյալ դեպքում այդ 50 անձի կարգավիճակը ոնց ենք լուծելու, կդժվարանամ պատասխանել: Նախապես որոշված էր, որ չվերթներով բոլորին կտեղափոխենք Հայաստան: Ծրագրել էինք չորս չվերթով իրականացնել տեղափոխումը, սակայն հետո երկու չվերթ էլ ավելացավ, որովհետեւ մարդկանց թիվը շատ էր: Այս պահին բանակցում ենք, թե ինչ անել: Կարծում եմ` մոտ ժամանակներում պարզ կդառնան հետագա քայլերը»,- ասաց դեսպանատան խորհրդական Լեւոն Թորգոմյանը:
Ըստ Թորգոմյանի` անցակետերում մնացած 50 հայերից մի մասը Հայաստանի քաղաքացիներ են, մյուսները` Ռուսաստանի Դաշնության:
«Այնտեղ ավելի շատ մարդ է մնացել: Դժվարությունն այն է, որ բոլորը մի կետում չեն հավաքված: Մի մասը գնացել է մոտակա գյուղեր, ապա կրկին վերադարձել»,- ասաց նա:
Նշենք, որ անցակետերում մնացած հայերի մեծ մասն այժմ մեքենաներում է գիշերում, թեեւ ԱԻՆ-ը վրաններ է տրամադրել, որոնք ըստ երեւույթին, չեն բավականացնում:
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 23-ին Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետեւանքով ավտոճանապարհի 500-600 մ հատվածը ամբողջովին փլուզվել էր, եւ այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Մոտ 250 հայ 6 օր մնացել էր Վերին Լարսում: Միայն հունիսի 30-ից նրանց սկսեցին տեղափոխել կամ Հայաստան, կամ Ռուսաստան` հաշվի առնելով, թե կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են նրանք:
Վերին Լարսը փակ կլինի առնվազն մինչեւ հուլիսի 10-ը: