Շամշադինի զինկոմի սպանության համար 11 տարով ազատազրկված Արթուրը համաձայն չէ պատժաչափի հետ
SocietyNEWS.am-ը գրում է.
Տավուշի մարզի Մովսես գյուղում 2015թ. սեպտեմբերի 18-ին Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության համար 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտումյանը շարունակում է պնդել, որ ինքը սպանության հետ որեւէ առնչություն չունի:
«Արթուրը պնդում է, որ ինքը մեղավոր չէ, հետեւաբար, այս պատժաչափի հետ էլ համաձայն չէ: Ըստ իս, խիստ պատիժ սահմանեց դատարանը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Մկրտումյանի փաստաբան Աննա Մեժլումյանը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նման պատժաչափ էր սահմանել` որպես մեղմացնող հանգամանք հաշվի առնելով ամբաստանյալի` 3 անչափահաս երեխա ունենալը: Նշենք, որ տուժող կողմը նաեւ նյութական փոխհատուցում էր պահանջել:
«Տուժողը կողմը 5,5 մլն դրամ էր պահանջում, սակայն մենք առարկեցինք եւ ասացինք, որ եթե մեղավոր ճանաչվի, ապա վճարի 1 մլն 40 հազար դրամ: Դատարանը մեր առարկություններն ընդունեց եւ որոշեց բռնագանձել հենց այդքան գումար»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել էր Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է: